Մատչելիության հղումներ

«Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը կալանավորվեց


Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։

«Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը», - «Ազատությանը» փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: - «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջն ապրիլի 4-ից այլևս ակտիվ չէ։ Նախքան դա, էջում մեծամասամբ տեսնում ենք նոր կառավարությանը ծաղրող նկարներ, որոնք ուղեկցվում են հայհոյանքներով, գրառումներում կան ակնհայտ ապատեղեկատվություններ․ օրինակ՝ «Վաճառվում է Օպերայի շենքը, տարածքը հարմար է կազինոյի կամ գիշերային ակումբի համար», կամ՝ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ձերբակալված են, հարուցվել է քրեական գործ»:

Հինգշաբթի՝ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. - «Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է»։

Դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրա ղեկավարած ծառայությունը այս հարցում կկարողանա ապահովել արդյունքներ և կոշտ հակահարված տալ ֆեյքերին, իհարկե՝ կասկածի տակ չդնելով խոսքի ազատության իրավունքը:

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Ազատությանն» են փոխանցել Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի կողմից տրված եզրակացությունը «Դուխով Հայաստան բաց հասարակություն» ֆեյք էջի վերաբերյալ, ըստ որի. «Դուխով Հայաստան» անվամբ գրանցված օգտատիրոջ կատարած գրառումներում առկա են բացասական գնահատականներ Հայաստանի ազգային հերոսի, Էջմիածնի Մայր տաճարի և Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում գործող կրոնական կազմակերպության գերազանցությունը շեշտադրող, ազգամիջյան հարաբերություններում սեպ խրող և դրանք խաթարող, կրոնական կազմակերպության դեմ արշավողների, Հայաստանի քաղաքացիների և քաղաքական գործիչների նկատմամբ սպառնալիք արտահայտող ու բռնարարական գործողություններ իրականացնելու կոչեր պարունակող արտահայտություններ և ձևակերպումներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG