Մատչելիության հղումներ

Զենքի գործադրմամբ ավազակություն Արմավիրում, հարուցվել է քրգործ. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում դիմակավորված անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ:

Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով, մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, որսորդական հրացանով և ատրճանակով զինված, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկն ատրճանակն ուղղել է տանտիրոջ՝ 1984 թվականին ծնված կնոջ ուղղությամբ՝ պահանջելով լռել, իսկ մյուսը մտել է հյուրասենյակ, որտեղ հանդիպելով տանտիրոջ դիմադրությանը՝ կրակել է որսորդական հրացանից, սակայն տանտերը հրացանի փողն ուղղել է վերև՝ այդկերպ շեղելով արձակված կրակոցի ուղղությունը դեպի առաստաղ: Այնուհետև դիմակավորված անձը հրացանի խզակոթով հարվածել է տանտիրոջ գլխին, որից հետո դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ [Զենքի գործադրմամբ ավազակությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով] կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասի [Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] հատկանիշներով:

Քննչական կոմիտեն նշում է, որ կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

«Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG