Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն ողջունել է համանախագահների հայտարարությունը


Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում
Ադրբեջանի արտգործնախարարության շենքը Բաքվում

Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի պաշտոնական մեկնաբանությունը:

«Մինսկի խմբի հայտարարությունն ազդակ է Հայաստանի համար, և մենք ողջունում ենք դա: Նախագահ Իլհամ Ալիևն՝ ընդունելով համանախագահներին, ներկայացրել է մեր երկրի դիրքորոշումը: Հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ»,- հայտարարել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկայում սպասվող հանդիպմանն ընդդառաջ եռանախագահները կողմերին հորդորել են «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն, կամ ցույց են տալիս պատրաստակամություն՝ վերսկսելու ռազմական գործողությունները»:

Հակամարտության կարգավորման միջնորդները նաև հավելել են, որ «շարունակելու են քննարկել համապատասխան խնդիրները հակամարտության հետևանքներն ուղղակիորեն կրող կողմերի հետ՝ ընդունելով այն, որ բանակցային գործընթացի հաջողության համար անհրաժեշտ է հաշվի առնել նրանց տեսակետները և մտահոգությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG