Մատչելիության հղումներ

Սպանություն Բերդ քաղաքում. մեղադրանք է առաջադրվել 39-ամյա տղամարդուն. ՔԿ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, պահելու և սպանություն կատարելու դեպքի առթիվ:

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ին Բերդ քաղաքի 27-ամյա բնակիչը, գլխի ճակատային հատվածին ստանալով հրազենային վիրավորում, մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

«Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Նախնական քննությամբ՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 27-ամյա երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է նույն մարզի՝ 1979 թվականին ծնված բնակչի կողմից», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31.12.2018թ. 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի պարկուճ, պլաստմասե խծուծ և արնանման հետքեր: Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ: Առերևույթ հանցագործություն կատարած անձի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են դեպքի պահին վերջինիս հագին եղած հագուստներն ու արնանման հետքերով բազկաթոռի ծածկոց: Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG