Մատչելիության հղումներ

Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը. Արմեն Սարգսյան


Գերմանիայի նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում երեկ տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ու Արմեն Սարգսյանն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ողջունել է Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիա։ Նա նաև անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններին և ողջունել դրանց խաղաղ բնույթը։

«Ուրախ եմ հյուրընկալվել բարեկամ Գերմանիայում` իմ առաջին պաշտոնական այցի շրջանակներում։ Գերմանիան Հայաստանի բարեկամն է, առաջնային տնտեսական գործընկերը, Հայաստան-Եվրամիություն օրակարգի գործուն աջակիցը։ Գերմանիան մեզ համար հետաքրքիր է նաև որպես խորհրդարանական կառավարման մոդել ունեցող պետություն, և մեզ համար խորհրդարանական ժողովրդավարության գերմանական փորձը չափազանց կարևոր և ուսանելի կարող է լինել», - նշել է Արմեն Սարգսյանը:

Բարձր գնահատելով Գերմանիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող ֆինանսատեխնիկական, տնտեսական օժանդակությունը, ինչպես նաև աջակցությունը ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է գիտակրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Մասնավորապես հեռանկարային է համարվել բարձր և տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցությունը, ուսանողների և գիտաշխատող­ների փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։

Նախագահ Սարգսյանը Գերմանիայի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան, ինչն ընդունվել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG