Մատչելիության հղումներ

ՊԵԿ պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար. ՀՔԾ


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ին, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ին և նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ (Խոշոր չափերով կաշառք ստանալը, որը կատարվել է՝ շորթմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) կետերով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1միլիոն դրամ կաշառք:

ՀՔԾ-ն նշում է, որ ըստ մեղադրանքների, Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ն ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊ ընկերության փաստացի ղեկավարից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ նախնական համաձայնության է եկել նույն բաժնի պետ Ս. Է.-ի և գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ի հետ:

«2018 թվականի հոկտեմբերի 15-ին Ս. Ա.-ն և Վ. Լ.-ն հանդիպել են ընկերության ղեկավարին և վերջինիս անհիմն մեղադրել ընկերությունում մի շարք խախտումներ կատարելու մեջ: Այնուհետև Ս. Ա.-ն ընկերության ղեկավարից պահանջել է հաջորդ օրն իր աշխատավայրում հանդիպել իրեն: 2018 թվականի հոկտեմբերի 16-ին Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ հանդիպման ընթացքում կրկին խոսակցություն է ծավալել վերջինիս ընկերությունում իբր առկա խախտումների մասին, ապա շորթմամբ՝ ընկերության գործունեությանը խոչընդոտելու, իրականում գոյություն չունեցող խախտումներն ի հայտ բերելու սպառնալիքով, նրանից անձամբ պահանջել է 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար տալ 250.000-300.000 դրամ կաշառք», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՀՔԾ-ի, 2018 թվականի հոկտեմբերի 19-ին Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընկերության գործունեությանն իր, բաժնի պետի և գլխավոր հարկային տեսուչի կողմից չխոչընդոտելու դիմաց խոշոր չափերով՝ 1միլիոն դրամ կաշառք ստանալու վերաբերյալ:

ՀՔԾ-ն նշում է, որ պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Ս. Ա.-ն իր աշխատասենյակում հանդիպել է ՍՊ ընկերության ղեկավարին և նրանից անձամբ ստացել խոշոր չափերով՝ 1միլիոն դրամ կաշառք, ինչից անմիջապես հետո զանգահարել է բաժնի պետ Ս. Է.-ին՝ վերջինիս և ձեռնարկատիրոջ հանդիպումը կազմակերպելու և տրված կաշառքի դիմաց ընկերության գործունեությանը չխոչընդոտելու վերաբերյալ Ս. Է.-ից հավաստիացում ստանալու նպատակով, սակայն հեռախոսային խոսակցության պահին Ս. Ա.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից, իսկ կաշառքի առարկա հանդիսացող գումարը հայտնաբերվել և վերցվել է:

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Ս. Ա.-ի, Վ. Լ.-ի և Ս. Է.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

«Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են, և վերը նշված երեք պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG