Մատչելիության հղումներ

Արցախի ՊՆ-ը մանրամասներ է հրապարակում զինծառայող Հարոյանի մահվան գործով


ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ
ԼՂ ՊՆ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Արցախի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մանրամասներ է հրապարակել Պաշտպանության բանակի զինծառայող Գևորգ Հարոյանի մահվան փաստով Քննչական կոմիտեի զինվորական գործերով գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի վերաբերյալ՝ «վերջին օրերին համացանցում տարածվող տարատեսակ մեկնաբանություններին վերջ դնելու և հանրությանը իրազեկելու նպատակով»:

«Ս.թ. հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, շարքային Գ. Ս. Հ.-ն վաշտի զինանոցում մաքրության կատարելու ընթացքում համածառայող Գ. Հ. Ց.-ին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ձախակողմյան հատվածում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ին մահացել է: Կատարված նախնական և անհետաձգելի գործողությունների արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ Գ. Հ.-ն մահացել է իր իսկ գործողությունների արդյունքում», - ասված է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

«Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդ օրերին, նույն վաշտի զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Մ. Չ.-ի (Արմավիրի ԶԿ) և շարքային Գ. Հ.-ի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Մ. Չ.-ն բռնություն է գործադրել և կոպիտ հայհոյանք հնչեցրել Գ. Հ.-ի հասցեին: Վիճաբանությանը միջամտել է նույն վաշտի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Դ. Ս.-ն (Էրեբունու ԶԿ) և մեկ անգամ հարվածել Գ. Հ.-ին: Վաշտի հրամանատար, կապիտան Լ. Պ.-ն (Գյումրիի ԶԿ), տեղյակ լինելով վերոնշյալ դեպքի մասին, թաքցրել է դեպքը, իսկ դեպքի նախորդ օրը՝ երեկոյան՝ քուն հրամանից հետո, իր աշխատասենյակում նախատել, դիտողություն է արել Գ. Հ.-ին, ստորացուցիչ հայհոյանք հնչեցրել նրա հասցեին», - փոխանցում է Արցախի ՊՆ լրատվականը:

Հոկտեմբերի 2-ին կրտսեր սերժանտ Մ. Չ.-ն ձերբակալվել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 358.1-րդ հոդվածի («Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը») 4-րդ մասով: Կրտսեր սերժանտի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հոկտեմբերի 4-ին Լ. Պ.-ն ևս ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 1-ին մասով և 360-րդ հոդվածի («Զինծառայողին վիրավորանք հասցնելը») 2-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՔՕ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև Դ. Ս.-ին: Վերջինիս նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողության հանձնելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG