Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հարցաքննվելու է «մարտի 1»-ի գործի շրջանակում․ ՀՔԾ պետ


ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, 16-ը օգոստոսի, 2018 թ․

«Մարտի 1»-ի գործի առնչությամբ հարցաքննվելու է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարեց հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Բազմիցս նշել եմ, որ հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, բոլորը, առանց բացառության: Այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը: Դա արդեն քրեական գործի քննության անհրաժեշտությունից ելնելով, որոշում է քննիչը, ելնելով կոնկրետ քննչական գործողությունը կատարելու նպատակահարմարությունից: Հարցաքննությունն, ինքնին, ինքնանպատակ չէ, նպատակն այդ հարցաքննությամբ որոշակի տվյալներ ձեռք բերելն է»,- ասաց ՀՔԾ պետը:

Թավշյա հեղափոխությունից հետո հայաստանյան իրավապահ մարմինները, մասնավորապես, հատուկ քննչական ծառայությունը, ներկայացրեցին տասը տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած արյունալի իրադարաձությունների՝ 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նոր, աղմկահարույց հանգամանքներ:

Երկրի սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների, այդ թվում տասը տարի առաջ Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին: Հուլիսի 27-ին Քոչարյանը կալանավորվեց, սակայն երեք օր առաջ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ վերացվեց նրա խափանման միջոց կալանքը և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Սասուն Խաչատրյանն այսօր հույս հայտնեց, որ գլխավոր դատախազությունը կբերի վճառաբեկ բողոք, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի չկարողանա խոչընդոտել գործի քննությունը: «Չեմ կարծում, որ Քոչարյանը կփորձի լքել երկիրը: Այս պահին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, բայց եթե նա երկիրը լքելու փորձ անի, դա կգնահատվի, որպես նախաքննությունը խոչընդոտելու փորձ, ու կկիրառվի խափանման միջոց»,- նաև ասաց ՀՔԾ պետը:

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումն ապօրինի է՝ այսօր դարձյալ պնդեց ՀՔԾ պետը:

«Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում: Նաև հայտարարել է, որ թեև աշխատելէ, սակայն, կաշկանդվածություն չունի այս գործի քննության հետ կապված։ Ինքնին այս փաստը, որ նա աշխատել է, ես էլ, օրինակ, չէի գնահատի, որպես նրա կողմնակալության մասին վկայող ապացույց: Եթե լիներ միայն այս փաստը: Բայց տեսեք, որ պարոն Ազարյանը, իմ խորին համոզմամբ, պետք է ինքնաբացարկ հայտներ այս գործով:

Ինչու՞, որովհետև նա «մարտի 1»-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ: Եվ այնպիսի ձևակերպումներով․․․ օրինակ բերեմ կոնկրետ անձի վերաբերյալ, մեջբերեմ․ «2008 թվականի մարտի 1-ին, տեղեկանալով Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում կատարվող զանգվածային անկարգությունների մասին, նույն օրը ժամը 10-ի սահմաններում մեկնել է Երևանի քաղաքապետարանի մերձակայք, Մյասնիկյանի արձանի մոտ միացել այնտեղ հավաքված ամբոխին և ներգրավվել բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասմամբ և բացահայտ հափշտակություններվ, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի և պայթուցիկ նյութերի գործադրմամբ ուղեկցված զանգվածային անկարգություններին»:

Հիմա նայեք ինչ է ստացվում, այսինքն՝ պարոն Ազարյանը 10 տարի առաջ մոտ մեկ տասնյակ դատավճիռներ է արձակել, որոնցում նա խաղաղ ցուցարարներին բնութագրել է, որպես ամբոխ, որպես մասսայական անկարգությունների մասնակիցներ, որոնք հրկիզումներ են արել, ջարդեր են արել: Այսինքն՝ նա այդ ինֆորմացիայի կրողն է, նա այդ համոզմունքի կրողն է և այդ համոզմունքի կրողը լինելու պայմաններում նա պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել: Գոնե եթե չէր հայտնում ինքնբացարկ, նա պարտավոր էր բարձրաձայնել այս փաստերը, որ նա կայացրել է այսպիսի դատավճիռներ, որից հետո, համոզված եմ՝ դատախազության ներկայացուցիչները նրան բացարկ կհայտնեին:

Սակայն ի՞նչ ունենք՝ ունենք մի իրավիճակ, երբ պարոն Ազարյանը վերաքննիչ դատարանի նախագահի՝ արձակուրդում գտնվելու պայմաններում ժամանակավորապես իրականացնելով վերաքննիչ դատարանի նախագահի պարտականությունները, սույն քրեական գործը, լինելով այդ արժեքների կրողը, այդ ինֆորմացիայի և այդ համոզմունքների կրողը, նա մակագրել է ինքն իրեն: Կողմերին տեղյակ չի պահել, որ ինքն այս գործերով, նման ձևակերպումներով բազմաթիվ մարդկանց է դատապարտել և, չհայտնելով այս մասին, որն ինքն արդեն իսկ ունի կանխակալ վերաբերմունք, որոշում է կայացրել այս գործով: Ես կարծում եմ, որ այս դատավորը կանխակալ կարծիք է ունեցել և նա բացարկման ենթակա դատավոր էր: Այսինքն, գործը քննվել է տվյալ դատարանի ոչ օրինական կազմով, որը դատարանի որոշումը բեկանելու հիմք է»,- լրագրողներին ասաց Սասուն Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG