Մատչելիության հղումներ

Երթևեկության փոփոխություններ Երևանի Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում


Երևանի փողոցներից մեկը, արխիվ
Երևանի փողոցներից մեկը, արխիվ

Երևանի քաղաքապետարանի ծրագրով Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով այսօրվանից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ, հաղորդում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նշելով, որ տվյալ ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել, քաղաքապետարանը հայտնում է․

- հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,

- հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկվում է երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

«Նշված ճանապարհահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ», - հաղորդում է քաղաքապետարանը՝ ժամանակավոր անհարմարությունների համար հայցելով համաքաղաքացիների ներողամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG