Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բախտաձեին վարչապետ ընտրվելու կապակցությամբ


Նիկոլ Փաշինյան, Մամուկա Բախտաձե
Նիկոլ Փաշինյան, Մամուկա Բախտաձե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ըստ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի, Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական և եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր էլ շարունակում են բազմապատկվել ու զարգանալ՝ շնորհիվ այն ջերմության և փոխվստահության մթնոլորտի, որը տիրում է մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև։

Բոլորովին վերջերս Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի և արդյունավետ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է մեծ ներուժ։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան: Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն` բարեփոխումների իրագործման նոր փուլում, և հավաստիացնում, որ Վրաստանի ցանկացած հաջողություն մենք ընդունում ենք որպես մերը»։

Հիշեցնենք՝ Գիորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ հրաժարական տվեց Վրաստանի վարչապետի պաշտոնից, իր խոսքով՝ կառավարությունում առկա տարաձայնությունների պատճառով:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այդ պաշտոնում առաջադրեց Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Վրաստանի խորհրդարանը հունիսի 20-ին ձայների 99 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ հաստատեց նրան այդ պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG