Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել են համագործացության հարցեր


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

Ըստ նախարարության հաղորդագրության, նախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին Հայաստանին մշտապես ցուցաբերած աջակցության համար:

Դեսպան Միլսը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին նշանակման առիթով և ընդգծել, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն հարցերում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրը և երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար:

«Մենք ողջունում ենք Ձեր նշանակումը և ակնկալում ենք բեղմնավոր համագործակցություն»,- ասել է ԱՄՆ դեսպանը և հետաքրքրվել Արդարադատության նախարարության առաջնահերթություններով:

Այդ համատեքստում նախարար Զեյնալյանն առանձնացրել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվելիք բարեփոխումները, օրենքների, իրավական ակտերի ընդունման գործընթացում հասարակության մասնակցության ակտիվացմանն ու ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև Կառավարության հաշվետվողականության բարձրացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարևորությանը՝ արդարադատության նախարարը նշել է, որ Կառավարության նպատակը երկրում օրենսդիր և գործադիր իշխանությունների ձևավորման ժողովրդավարական սկզբունքների հաստատումն է:

«Մենք հավատում ենք մեր ժողովրդի իմաստնությանը և ցանկանում, որ, այսուհետ, հասարակությունն ունենամ հավատ ընտրական գործընթացների և արդյունքների նկատմամբ»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը:

Հանդիպման ավարտին նախարարը վստահեցրել է, որ կառավարության՝ բարեփոխումներ իրականացնելու վճռականությունը շատ մեծ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG