Մատչելիության հղումներ

ՀՀ և ԼՂ ԱԳ նախարարները քննարկել են ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները


Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարների հանդիպումը, Ստեփանակերտ, 19-ը մայիսի, 2018թ․

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մասիս Մայիլյանի հանդիպումը: Այն մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Մայիլյանը շնորհավորել է Մնացականյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ:

Արտգործնախարարներն ընդգծել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև շարունակական ու արդյունավետ փոխգործակցության, պարբերական քաղաքական խորհրդակցությունների և ոլորտային պատասխանատուների մակարդակով հաճախակի հանդիպումների անցկացման կարևորությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ տեղի ունեցած շփումներին:

Նախօրեին, հիշեցնենք, Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տոնոյանը այցելել են Արցախի Պաշտպանության բանակի շտաբ, ուր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ներկայացրել է հակամարտության գոտում առկա օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվել ու շարունակում են իրականացվել Արցախի պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Երեկ Հայաստանի արտգործնախարարին ընդունել է նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG