Մատչելիության հղումներ

Սոչիում կայացավ Պուտին-Փաշինյան հանդիպումը


Սոչիում այսօր կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան նույնքան հետևողականորեն, ինչպես եղել է մինչ այժմ», - հայտարարեց, մասնավորապես, Ռուսաստանի նախագահը:

Ռուսաստանը «դիտարկում է Հայաստանը որպես տարածաշրջանում մեր մերձավորագույն գործընկեր և դաշնակից», ասաց Պուտինը՝ հավելելով, որ դա վերաբերում է և՛ տնտեսական փոխգործողությանը, և՛ անվտանգության հարցերին:

Նա հույս հայտնեց, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունում վերջին շրջանում դրսևորվող «շատ լավ արդյունքները» կհաջողվի «ոչ միայն պահպանել, այլև բազմապատկել»:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: Նշելով, որ քննարկման առանցքում որոշ հարցեր են, նա հավելեց․ - «Բայց ինչը քննարկման ենթակա չէ՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններն են»։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, և «ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել ու հուսով եմ չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները», հավելեց Հայաստանի վարչապետը:

«Մեծ ցանկություն ունենք՝ նոր իմպուլս հաղորդելու մեր հարաբերություններին, ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրային ու տնտեսական առումով։ Հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց Ռուսաստանի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի ներքին քաղաքական հարցերի առնչությամբ՝ կարծիք հայտնելով, որ «դա շատ կառուցողական դիրքորոշում էր, որը լավ վերաբերմունքի է արժանացել ոչ միայն քաղաքական շրջանակներում, այլև հասարակության մակարդակում»:

Ռուսաստանի սևծովյան քաղաքում, հիշեցնենք, այսօր անցկացվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG