Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումը


Լուսանկարը՝ կառավարության
Լուսանկարը՝ կառավարության

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ, հավելելով, որ իշխանությունների քայլերն ուղղված են լինելու նաև ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը:

Դեսպան Ֆարնոուրթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման և այլ ուղղություններով:

«Տիկին Ֆարնուորթը ավելացրել է, որ նախատեսվում է բրիտանացի գործարարների այցը Հայաստան, որի ընթացքում նրանք կծանոթանան մեր երկրի ներդրումային միջավայրին և հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումների իրականացման հնարավորությունները», - ասված է կառավարության հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG