Մատչելիության հղումներ

Հունան Պողոսյանը հրաժարական է տալիս Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից


Հունան Պողոսյան, արխիվ

Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը որոշել է հրաժարական տալ: Այդ մասին նա հայտնում է այսօր տարածած նամակում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, նույն սկզբունքներին դավանելու, զինակցության, այն ամենի համար, որ հավատով ու հետևողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի և քաղաքացու, հանուն օրինականության ամրապնդման ու հանրային ապահովության հաստատման: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի համաքաղաքացիներին համագործակցության, փոխվստահության ամրապնդման համար, որ հատկապես վերջին տարիներին մեր համատեղ աշխատանքի գլխավոր ուղղություններից էր և որտեղ, կարծում եմ, միասին հաջողել ենք: Դրա վառ ապացույցն են վերջին իրադարձությունները, որոնց խաղաղ հանգուցալուծման գործում մեծ դեր ունեցավ ոստիկանության ողջ համակարգը, մասնավորապես` Վալերի Օսիպյանը, ում միշտ համարել և համարում եմ ոստիկանության ամենակազմակերպված ու կարգապահ սպաներից մեկը և շնորհավորում եմ նշանակման կապակցությամբ», - գրում է Պողոսյանը:

«Եղել են, անշուշտ, նաև վրիպումներ ու բացթողումներ, ինչը անխուսափելի է ցանկացած գործի մեջ: Ժամանակների և մարդկանց հերթափոխությունն էլ հենց անհրաժեշտ է, որպեսզի խմբագրվեն հին վրիպումները, և կյանքն ու գործը շարունակվի», - նշում է գեներալ-լեյտենանտը՝ շարունակելով․ - «Սիրելիներս, ես հրաժարականի որոշում եմ կայացրել։ Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել խոսքերիս ու որոշումներիս մեջ: Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, և հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է: Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը` որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, և ես համոզված լինեմ, որ կարող եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին»:

«Հանգամանքները չեն փոխում մարդկանց, իսկ մնացյալը, կշռողը մեր խիղճն ու ժամանակն է:
Մաղթում եմ, որ ծանրակշիռ լինենք` միասնական հավատով ու գործով: Մաղթում եմ բոլորիս միայն հաջողություններ: Աստված մեզ պահապան», - գրում է Հունան Պողոսյանը:

Հիշեցնենք, երեկ Հայաստանի ոստիկանության նոր պետ նշանակվեց Վալերի Օսիպյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Վլադիմիր Գասպարյանին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG