Մատչելիության հղումներ

Փաշինյանը կոչ արեց Հանրապետական պատգամավորներին «քվեարկել ժողովրդի օգտին»


«Իմ քայլը» շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցությունից վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր եզրափակիչ ելույթում կոչ արեց Ազգային ժողովի մեծամասնությունը կազմող Հանրապետական խմբակցության պատգամավորներին «քվեարկել ժողովրդի օգտին»:

«Ինձ այս ամբիոնից շատ մեղադրեցին, որ ես սպառնում եմ ոչնչացնել Հանրապետական կուսակցությանը: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ որևէ այդպիսի մտադրություն չունեմ, որովհետև ՀՀԿ կուսակցությունը, խմբակցությունը այսօրվա քննարկումներով ինքն իրեն ոչնչացրեց և անշրջելիորեն», - իր ելույթի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: - «Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»:

Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներին մեղադրելով «հակապետական ռետորիկայի» մեջ՝ Փաշինյանը հայտարարեց, որ իր ղեկավարած շարժումը աշխարհաքաղաքական ինչ-ինչ կողմնորոշումների մեջ մեղադրելու մասին հայտարարությունները «ուղղված են ոչ միայն ՀՀ ազգային անվտանգությանը, այլ նաև նպատակ ունեն խաթարել Հայաստանի բարեկամ երկրների հարաբերությունները»:

Ընդդիմադիր գործիչը նաև հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր «փորձում են ակնարկել, թե այս ամենի մեջ ինչ որ մութ, օտար ուժեր կան, վիրավորում են սեփական ժողովրդին»:

«Սա ցույց է տալիս, որ այս խմբակցությունը որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ: Խոսում են պայթունավտանգ իրավիճակի մասին, ոչ մի պայթունավտանգ իրավիճակ գոյություն չունի: Էսօր Հայաստանում չկա ուժերի հարաբերակցություն, էսօր Հայաստանում կա ժողովուրդ մի կողմից, և ՀՀԿ֊ական 20-25 պատգամավոր և ՀՀԿ-ական վերնախավ՝ մի կողմից, որոնք ուզում են ապացուցել, որ կա պայթունավտանգ իրավիճակ», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով․ - «Բախում չի լինելու: Բազմիցս եմ ասել, որ ՀՀ և Արցախի Հանրապետությանը սպառնացող վտանգի դեպքում այս ողջ համազգային շարժումը լծվելու է ՀՀ֊ի և Արցախի պաշտպանությանը»:

Ընդդիմադիր պատգամավորը ՀՀԿ խմբակցության պատգամավորներին մեղադրեց ադրբեջանական քարոզչության նյութերը և տեղեկությունները տարածելու մեջ, նշելով, որ այդպիսով փորձ է արվում խուճապ առաջացնել ժողովրդի շրջանում:

«Սա ՀՀԿ խմբակցության ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան է, եթե ՀՀԿ խմբակցության շարքերում կան մարդիկ, ովքեր մտահոգված են ՀՀ տնտեսության, կայունությամբ, նրանք կարող են այդ խնդիրը լուծել հեշտությամբ ընդամենը քիչ հետո քվեարկելով ժողովրդի օգտին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով պատգամավորներին․ - «Ես ուզում եմ դիմել պատգամավորներին որպես անհատներ, ձեր քաղաքական ուժը հատել է այն սահմանը, որը հատել է ինքնաոչնչացման սահմանը: Դուք դեռևս ունենք հնարավորություն այդ սահմանը չհատելու: Գծեք, գծագրեք ցանկացած սցենար, չկա էդպիսի տարբերակ, որ համաժողովրդական շարժումը չհաղթի, դուք ընդամենը խաղում եք ժամանակի վրա և դա արժանապատիվ չէ այն կուսակցության համար, որը վերջին 20 տարիներին բոլոր ամբիոններից անընդհատ պնդել է, որ առաջնորդվել է երկրի, պետական շահերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG