Մատչելիության հղումներ

ՍԴ նիստերի սրահն անվանակոչվեց Շահամիր և Հակոբ Շահամիրյանների, ՍԴ գրադարանը՝ Գագիկ Հարությունյանի անունով


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սահմանադրական դատարան, որտեղ ներկա է գտնվել ՍԴ նիստերի սրահը հայ իրավական մտքի երախտավորներ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունով անվանակոչելու հանդիսավոր արարողությանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ մինչ այդ Սերժ Սարգսյանը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է այսօրվանից Գագիկ Հարությունյանի անունը կրող՝ իրավաբանական, գիտական ու լրագրական նյութերով և մասնագիտական ձեռնարկներով հարուստ ՍԴ գրադարանի գործունեությանը, որը նախատեսված է ոչ միայն ՍԴ անդամների ու աշխատակազմի աշխատակիցների, այլ նաև իրավաբանությամբ զբաղվող անձանց և ուսանողների համար: ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը և նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար:

ՍԴ նիստերի սրահը անվանակոչելու արարողության ժամանակ իր ելույթում Հայաստանի նախագահը մասնավորապես ասել է․ - «Հայ իրավական մտքի երախտավորների անունով այս սրահը կոչելու պահը, կարծում եմ, շարունակելու է խորհրդանշական մնալ այս դահլիճում որոշում կայացնողների համար և, իհարկե, շատ կարևոր է լինելու նաև այն մարդկանց համար, ովքեր երբևէ մտնելու են այս դահլիճ»:

Շնորհակալություն հայտնելով Գագիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է․ - «Մեր ժամանակներում հեշտ չէ գտնել նրա պես աշխատասեր և նպատակասլաց մարդու: Գագիկ Հարությունյանը միշտ եղել է այնտեղ, որտեղ եղել է դժվար և բարդ: Եվ նա միշտ իր հետևողականությամբ նպաստել է եղած խնդիրների լուծմանը: Կարծում եմ, որ դա էր հիմնական պատճառը, որ Բարձրագույն դատական խորհուրդը հենց նրան ընտրեց այս կարևոր կառույցի նախագահի պաշտոնում: Շատ շնորհակալ եմ, Գագիկ Գարուշի: Շատ երկար չեմ ուզում խոսել, որովհետև Դուք շարունակում եք պաշտոնավարել մեկ այլ կարևոր պաշտոնում, իսկ Ձեր պաշտոնը շատ յուրահատուկ է մեր երկրում՝ շատ յուրահատուկ: Դուք պետք է կարողանաք Ձեր գործընկերների հետ միասին ապահովել դատավորների և դատարանների անկախությունը, իսկ դրա համար առաջինը դուք պետք է անկախ լինեք: Թե չէ, եթե դուք անկախ չլինեք, դժվար թե կարողանաք ուրիշների անկախությունն ապահովել: Ուստի, լավ խոսքերը կարող են դիտվել որպես այլ հանգամանք և ոչ թե վաստակի գնահատում»:

Շնորհավորելով Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ նախագահը ասել է․ - «Պարո՛ն Թովմասյան, Ձեզ բարի երթ եմ մաղթում և հաջողություն այս շատ կարևոր նավի ղեկը պարոն Հարությունյանի հմուտ ձեռքից ստանձնելու կապակցությամբ: Դա արդեն պատասխանատվության շատ մեծ բեռ է դնում Ձեր ուսերին:

Հրայր Թովմասյանը, իհարկե, նոր մարդ չէ մեր իրավական հանրության համար: Նա մեր Սահմանադրության բարեփոխման հեղինակներից մեկն է: Շինարարության մեջ կա «ճարտարապետական վերահսկողություն» հասկացությունը: Այս պարագայում ևս, կարծում եմ, Հրայր Թովմասյանը սրտացավությամբ այս «ճարտարապետական վերահսկողությունը» կիրականացնի: Որքան հասցրել եմ ճանաչել Հրայր Թովմասյանին, Սահմանադրության գերակայությունը նրա համար սկզբունքային հարց է և համոզմունքի խնդիր: Կցանկանամ, որ այս երևույթները շարունակական լինեն»:

«Ինչպես բազմիցս ասել եմ՝ մենք հանրային կյանքի կառավարման որակի բարձրացման խնդիր ունենք: Դրա լուծումը մեկ մարդու կամ առանձին կառույցի խնդիր չէ: Դա բոլորիս խնդիրն է՝ այն մարդկանց խնդիրը, ովքեր որոշել են մասնակից լինել պետականաշինության դժվարին, բայց պատվաբեր գործին: Մենք ունենք հանրային ընկալման խնդիր, մեր կատարած աշխատանքը հանրությանը ճիշտ փոխանցելու և ներկայացնելու խնդիր: Այստեղ ևս դեռ շատ մեծ անելիքներ կան: Համոզված եմ, որ Սահմանադրական դատարանը, ինչպես նաև նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդն ամեն ինչ կանեն Հայաստանում արդարադատության որակը բարձրացնելու, բայց որ պակաս կարևոր չէ՝ նաև ընկալման մակարդակը բարձրացնելու համար», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG