Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը «կանխամտածված իրեն հիմարի ու անգրագետի տեղ է դնում». Սաքունց


Իրավապաշտպան Արթուր Սաքունց, արխիվ

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն անհեթեթություն է որակում «Մարտի 1»-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չհարցաքննելու վերաբերյալ Գլխավոր դատախազության պարզաբանումը։

Ըստ Սաքունցի, ակնհայտ է, որ Գլխավոր դատախազությունը «կանխամտածված իրեն հիմարի ու անգրագետի տեղ է դնում»։

«Իհարկե մենք հիմա փորձում ենք ապուշությունների և հիմարությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալ, բայց ակնհայտ է, որ Գլխավոր դատախազությունը կանխամտածված իրեն հիմարի տեղ է դնում, անգրագետի տեղ է դնում։ Տարրական իրավական գրագիտության բացակայության մասին է խոսքը, բայց ոչ թե անգրագետ են իրապես, պարզապես չկա քաղաքական որոշում «Մարտ 1»-ի գործով հետաքննություն իրականացնելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։

Հիշեցնենք՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան, թե պատրաստվո՞ւմ են երկրորդ նախագահին կանչել հարցաքննության, ինչի համար գլխավոր դատախազին դիմել էր Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Գլխավոր դատախազությունից ասել էին, որ «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան։

«Ռոբերտ Քոչարյանին որպես վկա մարտի մեկի գործով հրավիրելու և հարցաքննելու ցուցում տալու վերաբերյալ․ Քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք: 2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան», - նշել էր Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Սաքունցը հակադարձում է՝ նշելով՝ թիվ մեկ տեղեկացված անձը հենց հանրապետության նախագահն էր այդ ժամանակ, հետևաբար Գլխավոր դատախազությունը շատ վիրավորական հիմնավորում է ներկայացնում։

«Այն, որ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ եղել է հանրապետության նախագահ, այն, որ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն է հայտարարել հրամանագրով և նաև, ըստ էության, մինչ արտակարգ դրությունը հանդես է եկել հայտարարություններով, այդ թվում՝ նաև Նիկոլ Փաշինյանի նշած, որ «ավտոբուսների հետևից դուրս են գալիս, կրակում են և հետո թաքնվում», մինչ այդ էլ նա նշել էր, որ «այն հանցագործությունները, որ կատարում են մարդիկ, դրանց համար երկար տարիներ գտնվելու են ազատազրկման վայրերում», թիվ մեկ տեղեկացված անձը դա հենց հանրապետության նախագահն էր այդ ժամանակ», - ասաց Սաքունցը՝ շարունակելով․ - «Այսինքն՝ Գլխավոր դատախազությունը շատ վիրավորական հիմնավորում է ներկայացնում, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել, թե ինչ է տեղի ունենում երկրում։ Իհարկե Ռոբերտ Քոչարյանը դրան պետք է արձագանքի, կամ Ռոբերտ Քոչարյանը եթե չի վիրավորվում, նշանակում է ինքը թաքցնելու բան ունի, հետևաբար չի արձագանքելու։ Գլխավոր դատախազության հիմնավորումն անհեթեթություն է, որ հիմքեր պետք է լինեն, հիմքերը հենց Ռոբերտ Քորչարյանի նախագահ լինելն է՝ որպես իրազեկված մարդ, որն առանց համապատասխան տեղեկություններ ունենալու չէր կարող արտակարգ դրություն հայտարարեր»։

Իրավապաշտպանի խոսքով՝ միայն Նիկոլ Փաշինյանի նշած հանգամանքը, որ Քոչարյանը հայտնում է կրակոցներ արձակողների մասին, արդեն իսկ բավարար է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին կանչեն, հրավիրեն հարցաքննության և բացատրություն վերցնեն։

«Բացատրություն վերցնեն, թե ով է ասել, կամ ինքն է տեսել, կամ իրեն են հաղորդել, կամ երբ են հաղորդել, կամ այդ հաղորդող անձին առնվազն պետք է իմանանք, թե ով է թյուրիմացության մեջ, ենթադրենք, գցել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նաև այդ անձը պետք է պատասխանատվություն կրի, չէ՞, վերջին հաշվով, կես տեղեկություններ հաղորդելու համար», - ընդգծեց Սաքունցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG