Մատչելիության հղումներ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք. ԱՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանն է, տեղեկացնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, քաղաքացիներից 6-ը պատվաստված չեն, իսկ մեկը` թերի պատվաստված:

«Կրկին հիշեցնում ենք, որ ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկումները և դրանից մահվան դեպքերը մտահոգության առիթ են: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016 թվականի համեմատությամբ` 2017-ին եվրոպական երկրներում կարմրուկով հիվանդացության ցուցանիշն աճել է 3 անգամ։ Առավել ծանր է համաճարակային իրավիճակը Ռումինիայում, Իտալիայում, Հունաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Վրաստանում և Ռուսաստանում», - նշում է նախարարությունը՝ շարունակելով. - «Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի առումով դեռևս պահպանվում է կայուն համաճարակային իրավիճակ, սակայն հիվանդության պարբերաբար ներկրումը, ինչպես նաև տարիների ընթացքում չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող են սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը»:

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց դիմել տարածքային պոլիկլինիկա և պատվաստվել կարմրուկի դեմ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հիվանդները հիվանդության վարակիչ փուլում (մոտ 10 օր՝ ցանի առաջացումից 4-5 օր առաջ և հետո) շփվել են բազմաթիվ քաղաքացիների հետ:

«Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG