«Իմ որդին ինչ որ արել է, նա իր արածի համար պատասխան տվել է, առաջին հերթին օրենքի առաջ», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով օգտատերերի այն դիտարկումներին, թե իր զավակը վախի մթնոլորտ է տարածում Գյումրիում։
«Բայց իմ տղան ի՞նչ է արել, ես զզվում եմ այն ծնողներից, ովքեր իրենց երեխաներին լկտի են դաստիարակում։ Այ կան չէ՞ երես առած, հաբռգած՝ ամենաշատը ես զզվում եմ նմանատիպ երիտասարդներից: Եթե իմ որդին նմանատիպ լինի, հավատացեք, ես երեկոյան բարձը կդնեմ բերանին կխեղդեմ, ես էդպիսի տղա չունեմ», - ասաց Ղուկասյանը։
Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե Ղուկասյանների անունը շատ է կապվում տարբեր սպանությունների հետ, և հարցին, թե հատկապես ո՞ր սպանությանը առնչություն ունեն, Ղուկասյանը պատասխանեց. - «Ճիշտն ասած, մեզի են սպանել, մենք ոչ մեկին չենք սպանել, մենք էնպիսի մարդ չենք, որ պատվեր տանք, պատի ծակից խփել տանք, միշտ մեր ապրածը ուրիշ է եղել, մեր ապրածը նա է եղել, որ ասել ենք՝ «թե քնած եք, արթուն կացեք», մենք էդպես նենգություն, դավաճանություն չունենք, և էս խաչն ու Ավետարանը որպես վկա թող թափվի իմ էրեխեքի վրա, թե ես որևիցե մեկի նկատմամբ էդպես եմ արել, բայց ով էլ որ մեր գլխին է սարքում և այն 2007 թվականի սպանությունը, որ ջահել էրեխեքը մահացան, էդպես է, աշխարհի բանն է, դրա համար ասում է՝ «ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ բարեպաշտ, վախկոտին՝ կտրիճ, տգետին՝ հանճար, տգեղին՝ չքնաղ, իսկ պոռնիկին՝ կույս»: Ինչ ասեմ, բան չունեմ ասելու, ոչ էլ ուզում եմ բորբոքվել, ասում է՝ «եթե սոխ չես կերել, սիրտդ թող չմռմռա», ու էդպես էլ ես ապրում եմ»։
Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի անունը կապվում է Գյումրիում քրեական մի քանի աղմկահարույց միջադեպերի հետ։