Մատչելիության հղումներ

Կրակոցներ՝ Գավառում. մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառի բնակչին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:

Ըստ հաղորդագրության, փետրվարի 12-ին՝ ժամը 21:10-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին /գնդակ/» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Կոմիտեն նշում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Գավառի բնակիչ է՝ ծնված 1987-ին, հրազենային վնասվածք ստանալու դեպքի վայրը։

«Նախնական տվյալներով՝ Գավառի բնակիչ Հ.Հարությունյանը հրազենային վնասվածքը ստացել է նույն քաղաքի բնակիչներից մեկի տանն արձակված կրակոցների հետևանքով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակոցի հետքեր, փայտի վառարանում՝ տրորված գնդակ, դրսի արտաքնոցում՝ 6 հատ պարկուճ և արնանման հետքեր», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի [Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը] 1-ին մասով և 235-րդ հոդվածի [Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] 1-ին մասով, մեկ անձ ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով:

«Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ կրակոցներ արձակած անձի ինքնության վերաբերյալ և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG