Մատչելիության հղումներ

«Վանաձոր» ՔԿՀ 10 պաշտոնյաների վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է


Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչների և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են արդարադատության նախարարության (ԱՆ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, ինչպես նաև դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնեական դիրքի չարաշահման բազմաթիվ դրվագներ, այսօր հաղորդում է ՀՔԾ-ն:

«Հիմնավորվել է, որ հանցավոր շղթայում ներգրավված են եղել ոչ միայն հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետն ու տեղակալը, այլև հիմնարկի առաջատար, նույնիսկ` կրտսեր խմբի պաշտոնատար անձինք, ովքեր դատապարտյալների հետ հանցավոր կապերի մեջ մտնելով` չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և դատապարտյալներից պարբերաբար կաշառք են ստացել: Ստեղծված իրավիճակի հետևանքով «Վանաձոր» ՔԿՀ-ում ձևավորվել է անպատժելիության մթնոլորտ, ինչն էլ հիմք է հանդիսացել տարբեր հանցածին դրսևորումների առաջացման, հանցավոր մեխանիզմների մշակման և իրագործման համար», - ասված է հաղորդագրությունում:

«Բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալներ, այսպես կոչված` «զոն նայող» Թ. Ֆ.-ի և Ա. Պ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից պարբերաբար կաշառք է ստացել: Մասնավորապես, նշված դատապարտյալների և նրանց «հովանավորության» տակ գտնվող այլ դատապարտյալների խցերի դռները սահմանված կարգի խախտմամբ բաց թողնելու և այդ կերպ նրանց ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռելու, պատժի կրման ընթացքում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսների, տեխնիկական սարքերի օգտագործումն ու այլ արտոնություններ տրամադրելու համար Գ. Մկրտչյանը Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պահանջել ու Վանաձոր քաղաքի բնակիչ Կարեն Հակոբյանի միջոցով 2016 թվականի դեկտեմբերից 2017 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 2.750.000 ՀՀ դրամ կաշառք», - փոխանցում է ՀՔԾ-ն՝ շարունակելով․ - «Կաշառքի գումարները ստանալուն զուգահեռ՝ Գ. Մկրտչյանը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և սահմանված կարգով միջոցներ չի ձեռնարկել անօրինական գործողություններ կատարած դատապարտյալներին և կալանավորված անձանց պատժելու, նրանց կողմից կազմակերպված թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Փոխարենն առանձին դեպքերում անձամբ է կազմակերպել դատապարտյալների միջև գումարի դիմաց թղթախաղով զբաղվելու գործընթացը: Արդյունքում՝ կաշառք տված դատապարտյալները, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, ժամանակ առ ժամանակ նույնիսկ ալկոհոլ ու թմրանյութեր են օգտագործել, կատարել անօրինական այլ գործողություններ»:

«Ձևավորված կոռուպցիոն սխեմայում ակտիվ ներգրավվածություն են ունեցել նաև «Վանաձոր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, անվտանգության ապահովման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Ղարաքիշյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանն ու գլխավոր մասնագետ Վահե Ամիրխանյանը, ովքեր նույնպես Կարեն Հակոբյանի միջոցով դատապարտյալներ Թ. Ֆ.-ից և Ա. Պ.-ից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց վերջիններս դատապարտյալներին տվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ», - ասված է հաղորդագրությունում:

«Բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ նշված ժամանակահատվածում հիշյալ ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահներից որևէ մեկը ձեռնպահ չի մնացել դատապարտյալների հետ ապօրինի փոխհարաբերություններ հաստատելուց, ավելին` «Վանաձոր» ՔԿՀ-ի բոլոր պատասխանատու հերթապահները` Արտակ Պարսամյանը, Էդվարդ Քառյանը, Անդրանիկ Տիտանյանը և Վարդան Գևորգյանը 2017 թվականի ընթացքում` իրենց հերթապահության օրերին, շահադիտական դրդումներով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Բացի այդ, հիշյալ պաշտոնատար անձինք դատապարտյալ Թ. Ֆ.-ից պարբերաբար կաշառք են ստացել, որի դիմաց վերջինիս օգտին կատարել են ակնհայտ ապօրինի գործողություններ. մասնավորապես, թույլատրել են սահմանված կարգի խախտմամբ սնունդ, ծխախոտ և այլ արգելված իրեր ՔԿՀ-ի ռեժիմային գոտի մտցնելու և դատապարտյալներին հասցնելու, առանձին դեպքերում թղթախաղեր կազմակերպելու, բաց տիպի պատիժ կրող դատապարտյալներին ապօրինի այլ աշխատանքների մեջ ներգրավելու գործընթացը: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նշված ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ Լիաննա Ոսկանյանը 08.06.2017թ.-ին ՔԿՀ-ի պետ Գ. Մկրտչյանի դրդմամբ կաշառք է ստացել դատապարտյալների համար որպես օգնություն բերված սնունդն ընդունելու համար», - հաղորդում է ՀՔԾ-ն:

Կաշառք ստանալու, կաշառք տալու օժանդակության, կաշառք ստանալու դրդչության, պաշտոնեական դիրքի չարաշահման և դրան դրդելու համար մեղադրանքներ են առաջադրվել Գևորգ Մկրտչյանին, Անդրանիկ Թումանյանին, Ռուբեն Կիրակոսյանին, Էդվարդ Քառյանին, Արտակ Պարսամյանին, Վարդան Գևորգյանին, Անդրանիկ Տիտանյանին, Վահե Ամիրխանյանին, Միքայել Ղարաքիշյանին, Լիաննա Ոսկանյանին, Կարեն Հակոբյանին: Մկրտչյանի, Թումանյանի, Քառյանի և Պարսամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մնացած մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են առանձնապես ծանր, ծանր և հանցագործությունների այլ տեսակների կատարման պատճառների ու նպաստող պայմանների մասին վկայող բազմաթիվ փաստեր, դրանք վերացնելու նպատակով ՀՔԾ քննչական խմբի ղեկավարի կողմից միջնորդագրեր են նախապատրաստվում` ԱՆ քրեակատարողական վարչության և Ոստիկանության ղեկավարությանը ներկայացնելու համար:

Վերը նշված մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG