Մատչելիության հղումներ

2017-ին Հայաստանի համայնքների սեփական եկամուտները կազմել են 38.5 մլրդ դրամ, հավաքագրումն աճել է մոտ 12 տոկոսով


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

2017 թվականը տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների և համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել: Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի նախարարություն այցի ժամանակ, որի նպատակն էր ծանոթանալ 2017-ի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018-ի անելիքներին:

Լոքյանը վստահեցրել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը չունի կառավարության ծրագրից բխող որևէ գերակա խնդիր կամ միջոցառում, որն սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ: Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը և այլն: Այդ նպատակով նախարարությունը անցած տարի ստեղծել է 10 մեթոդական աջակցության բազմաբնույթ ձեռնարկ, որոնք փոխանցվել են համայնքներին: Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 միլիարդ 125 միլիոն դրամի փոփոխություն է եղել՝ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե:

Լոքյանը նշել է, որ 2017-ին Հայաստանի համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը` 100.1 տոկոս): 2016-ի համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11.9 տոկոսով կամ 4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով: Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման և միասնական բազայի ստեղծման ուղղությամբ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է համայնքներում առկա ողջ գույքի գրանցումը և առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն:

Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. - «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները: Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14-ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը և մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ: 2018 թվականը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձևակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք: Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում: Եթե մենք տարեցտարի հետևենք, գալու ենք մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»:

Նախարարը, անդրադառնալով աղբահանության խնդրին, նշել է, որ 2017-ի տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել: 2017-ի տարեվերջի դրությամբ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85 տոկոս, մինչև 2018-ի մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի:

Մարզային ներդրումային ծրագրերի հետ կապված՝ Լոքյանը զեկուցել է, որ հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր՝ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով՝ 8-12 տոկոս տոկոսադրույքով: 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում` 3 տոկոսի չափով:

Կարևորելով մարզերից ներկայացվող բիզնես ծրագրերի որակական փոփոխությունը՝ վարչապետը հանձնարարել է ներկայացնել դրանց մշակման մարզային հարթակներ ձևավորելու վերաբերյալ առաջարկություն:

Կարապետյանը գոհունակություն է հայտնել նաև գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, շինարարության, մշակույթի և մյուս ոլորտներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, որոնք նպաստում են մարզերում և համայնքներում այս ուղղություններով դրական տեղաշարժին և կառավարության կողմից դրված խնդիրների լուծմանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG