Մատչելիության հղումներ

Վարչապետի մոտ քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման հարցերը


Խցանում Երևանի Մյասնիկյան պողոտայում, արխիվ
Խցանում Երևանի Մյասնիկյան պողոտայում, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորությունները:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված առաջարկությունները, որոնք վերաբերում են Երևանի ճանապարհային ցանցի թողունակության բարձրացմանը, որոշ հատվածներում ավտոկայանատեղիների սահմանափակմանը, ճանապարհային երթևեկության կազմակերպմանը և հսկողության խստացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև այլընտրանքային երթուղիների կառուցմանը:

Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը զեկուցել է, որ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթևեկության կազմակերպման փոփոխություններ իրականացնել Երևանի խաչմերուկներում. որոշ խաչմերուկներում երթևեկությունը դարձել է շրջանաձև, և այս միջոցառումը շարունակական է, տրանսպորտային միջոցների կուտակումների և հապաղումների կանխման, խաչմերուկների արագ բեռնաթափման նպատակով կատարվել են կրկնակի հոծ գծանշման տեղափոխություն, աջ սեկցիայով լուսացույցների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ և այլն: Շարունակվում է խաչմերուկների ավտոմատ կառավարման գործընթացը. 50 խաչմերուկ կառավարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, նախատեսվում է ևս 60 խաչմերուկի կարգավորում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ բավական արդյունավետ է թարթող լուսացույցների տեղադրման միջոցով հետիոտնային անցումների ձևավորումը, և Երևանում 110 կետերում նմանատիպ լուսացույցների տեղադրումը ևս կնպաստի ճանապարհային հոսքերի կարգավորման խնդրի լուծմանը: Վարչապետն առաջարկել է Երևանի քաղաքապետին՝ շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ որպես կարճաժամկետ լուծումներ դիտարկել և համատեղ աշխատել փողոցի հատումը կարգավորող լուսացույցների թվի ավելացման, հարակից ճանապարհահատվածներում երկրորդ երթևեկելի գոտում կայանման նկատմամբ վերահսկողության խստացման, կայանման ժամերի սահմանափակման, Երևանում միջպետական և միջմարզային սկզբնակետերի արդյունավետ տեղաբաշխման և այլ ուղղություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG