Մատչելիության հղումներ

Երկու տարվա ազատազրկում՝ կրկնաքվեարկության փորձի համար. Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը


Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը: Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Երևանի թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ անցած տարվա ապրիլի 2-ին հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

«Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է Երևան քաղաքի, Միկոյան փողոցի 4/2 հասցեում տեղակայված համար 159 դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո Հովհաննես Ղազարյանը մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հովհաննես Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը», - ասված է հաղորդագրությունում:

Հարուցված քրեական գործով 2017-ի ապրիլի 3-ին Հովհաննես Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ ապրիլի 5-ին նա ներգրավվել է որպես մեղադրյալ` ՔՕ 34-153-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ քրգործը ապրիլի 7-ին ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Մինչև դատաքննությունն սկսելը, ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Հոկտեմբերի 10-ին դատարանը, դատական քննությունն անցկացնելով արագացված կարգով, Հովհաննես Ղազարյանին մեղավոր է ճանաչել ՔՕ 34-153-րդ հոդվածով և պատիժ է նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ զրկելով նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից՝ երկու տարի ժամկետով: Դատարանը, սակայն, նույն դատավճռով որոշում է ընդունել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով Ղազարյանի նկատմամբ նշանակված երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին` սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով:

Վերոնշյալ դատական ակտը Ավան և Նոր Նորքի դատախազության դատախազի կողմից պատժի մասով բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան: Վերջինը քննելով բողոքը՝ բավարարել է այն, բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչ անթույլատրելի:

Հովհաննես Ղազարյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով երկու տարի ժամկետով, ասված է դատախազության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG