Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը Դավոսում հանդիպումներ է ունեցել Լիբանանի և Էստոնիայի վարչապետների հետ


Դավոսում` Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրի հետ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը և Լիբանանն ավանդաբար ամուր և բարեկամական հարաբերություններ են ունեցել, և Հայաստանի կառավարությունը շահագրգռված է դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հարցում:

Վարչապետները նաև կարևորել են Լիբանանի հայ համայնքի դերը երկու երկրների միջև գործակցության և ամուր կապերի առկայության տեսանկյունից:

Կարեն Կարապետյանը Սաադ Հարիրին է ներկայացրել Հայաստանի տնտեսական զարգացման միտումներն ու նախաձեռնված բարեփոխումները՝ նշելով, որ անցած տարի բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել, և կառավարությունը վճռական է շարունակելու բարեփոխումները:

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, Եվրամիության հետ ունենալով GSP+ առևտրային ռեժիմ և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, շատ լավ հարաբերություններ ունենալով Իրանի հետ, կարող է հետաքրքիր լինել լիբանանցի գործարարների ու ներդրողների համար:

Սաադ Հարիրին իր հերթին նշել է, որ իրենք մտադիր են սերտորեն աշխատել Հայաստանի ու հայկական բիզնեսի հետ և պատրաստակամ են կոնկրետ քայլեր իրականացնել այդ ուղղությամբ:

Սաադ Հարիրին Կարեն Կարապետյանին հրավիրել է այցելել Լիբանան, հրավերն ընդունվել է Հայաստանի վարչապետի կողմից:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հետ:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետներն անդրադարձել են ժամանակակից աշխարհում տնտեսությունների զարգացման միտումներին՝ այս համատեքստում կարևորելով էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու թվայնացման ուղղությամբ աշխատանքները:

Էստոնիայի վարչապետը ներկայացրել է իր երկրի հարուստ փորձն այդ բնագավառում՝ նշելով, որ Էստոնիան բավականին երկար ճանապարհ է անցել այս ուղղությամբ, և իրենք ուրախ կլինեն կիսվել այդ փորձով:

«Մենք նախատեսում ենք բավականին մեծ ծրագրեր իրականացնել այս ոլորտում, հետաքրքրված ենք ձեր փորձով և խորապես շահագրգռված ենք այստեղ համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հարցում», - ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:

Այս համատեքստում Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Յուրի Ռատասին՝ Էստոնիայի կողմից Հայաստանին սատարելու համար:

ՀՀ վարչապետը նաև ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման միտումներն ու ընթացիկ մակրոտնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ կառավարությունը վճռական է շարունակելու մեկնարկած բարեփոխումները մի շարք ոլորտներում, իսկ ստեղծված գործարար և ներդրումային միջավայրը հետաքրքիր կարող է լինել նաև էստոնացի գործարարների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG