Մատչելիության հղումներ

Վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 19-ին այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Կառավարության մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ այն խնդիրները, որոնք դրվել են հարկաբյուջետային քաղաքականության համատեքստում, այն է՝ պետական պարտքի աճի տեմպերի դանդաղեցում, մակրոտնտեսական կայունության ապահովում, 2018 թ. ավելի բարձր տնտեսական ներուժով թևակոխելու համար հիմքերի ստեղծում, ըստ նախարարի, հիմնականում իրականացվել են:

2017-ի տնտեսական աճը՝ 6.7 տոկոս

Այնուհետև պատասխանատուները վարչապետ Կարապետյանին մանրամասն զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Նախ և առաջ ներկայացվել են մակրոտնտեսական քաղաքականության, բյուջետային շրջանակի և պետական պարտքի ոլորտներում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ 2017 թ. տնտեսական աճը կկազմի շուրջ 6.7 տոկոս (կանխատեսված 4.3 տոկոսի դիմաց), ՀՆԱ-ի դեֆլյատորի աճը` 1.5 տոկոս, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 3,799.8 ԱՄՆ դոլար: Կանխատեսումների համեմատ ավելի բարձր՝ 6.7 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է եղել ծառայությունների, շինարարության և զուտ հարկերի ոլորտներում սպասվածից ավելի բարձր զարգացումներով:

2017 թ. պետբյուջեի եկամուտները կազմել են 1237,2 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 5,6 տոկոսով: Հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1158,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 7.3 տոկոսով: Հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է շուրջ 21.1 տոկոս, իսկ ճշգրտված հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 20.8 տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ բարելավվելով 0.5 տոկոսային կետով: 2017 թ. պետբյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1503.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 3.8 տոկոսով, ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 1.2 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը՝ աճել 41.8 տոկոսով։ Իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2017 թվականի պետական բուջեի պակասուրդը կազմել է 266.7 մլրդ դրամ (ցուցանիշը ներառում է նաև ՌԴ-ից ստացված ռազմական վարկի հաշվարկային գումարը, որն ավելացվել է 180.1 մլրդ դրամ պակասուրդին), որը ՀՀ ՖՆ գնահատականներով կազմում է ՀՆԱ-ի 4.8 տոկոսը` նախորդ տարվա 5.5 տոկոսի դիմաց։

Վարչապետը հանձնարարել է հանրությանն իրազեկել 2017թ. պետական բյուջեի գերակատարման արդյունքների վերաբերյալ. - «Այն, ինչի համար մենք պատասխանատու ենք հանրության առջև, օրենքով հաստատված բյուջեն է, և մենք այն գերակատարել ենք, անպայման այդ մասին պետք է իրազեկել հանրությանը: Մենք հաշվետու ենք լինելու այն բյուջեի համար, որն ԱԺ-ում հաստատվել է»: Ինչ վերաբերում է ճշտված բյուջեին, ապա, ըստ վարչապետի, այն կառավարության ներքին փաստաթուղթն է, և «դրանով դրել ենք մի նշաձող, որպեսզի մոտիվացիա լինի»:

«Պետք է վարկային մեր բոլոր ծրագրերը գույքագրենք»

Կառավարության ղեկավարն անդրադարձել է առկա վարկային և դրամաշնորհային ծրագրերին և հանձնարարել ֆինանսների նախարարությանը ամբողջական փաստաթուղթ ներկայացնել բոլոր ծրագրերի վերաբերյալ. «Մենք պետք է վստահ լինենք, որ այն հնարավոր դրամաշնորհները, որոնք մեր երկիրը կարող է ստանալ, որոշակի պարտավորություններ կատարելով և չկատարելով, մենք առավելագույնն ստանում ենք: Ես այսօր այդ ազդակն ամփոփ տեսքով չեմ տեսնում: Խնդրում եմ, որ դա ֆինանսների նախարարությունում կազմակերպվի, և 2018 թվականին մեր պլանը գծվի, որտեղ յուրաքանչյուրն իմանալու է՝ իր անելիքը ո՞րն է, ի՞նչ բոնուս է ստանալու դրա դիմաց, և եթե չի կատարում, ի՞նչ պատասխանատվության է ենթարկվելու»: Կարեն Կարապետյանը նաև ընդգծել է, որ որոշ ծրագրերի վերանայման անհրաժեշտություն կա «Պետք է վարկային մեր բոլոր ծրագրերը գույքագրենք, դրանց կատարողականները նայենք, և եթե հնարավորություն կա, ուսումնասիրենք վարկային պարտավորությունների վերանայման խնդիրը»:

Անդրադարձ է եղել ծրագրային բյուջետավորման գործընթացին, որի շրջանակում 2018 թ., ի թիվս այլ խնդիրների, նախատեսվում է նաև բարձրացնել ՊՈԱԿ-ների գործունեության թափանցիկությունը և ԾԻԳ-երի հետ կապված բանակցություններ վարել դոնոր կազմակերպությունների հետ՝ նաև նախնական հսկողության համակարգերը կիրառելու ուղղությամբ:

2018-ի առաջնահերթությունները

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը մատնանշել է 2018թ. նախարարության գործունեության առաջնահերթությունները. - «2018 թվականը չափազանց կարևոր է. նախ մեր ֆինանսական կարգապահությունը, ծախսերի հետևից գնալը պետք է մաքսիմալ հետևողական լինի, հասցնենք այն օբյեկտիվ անհրաժեշտությանը, որը կա: Երկրորդ՝ մենք այս տարի պետք է երկարատև կայուն աճի, կապիտալ ենթակառուցվածքային և այլ ծախսերի հիմքեր դնենք: Երրորդ՝ մենք պետք է անցնենք 2019 թ. բյուջեն նոր կարգավիճակով տրամադրելու: Չորրորդ ՝ վարկային դրամաշնորհային քաղաքականության մեջ պետք է ունենանք հստակ մի օղակ, որը հսկում է և ազդակներ է տալիս, թե ինչ է կատարվում: Հինգերորդ՝ պետք է մտածենք պետական կառավարման համակարգի բարեփոխումների մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG