Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ընտրվում է կարիքավորների օգնությամբ, ԱԺ-ում պաշտպանում է օլիգարխների շահերը. քաղաքագետ


Հանրապետականներն ընտրվում են կարիքավորների օգնությամբ, իսկ արդեն խորհրդարանում սկսում են պաշտպանել հարուստների, օլիգարխների շահերը, այսօր «Ազատության» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով թանկացումներին։

«Հանրապետական կուսակցությունն ընտրվում է կարիքավորների օգնությամբ, որտեղ 10 հազար դրամով առնում է ձայները, դառնում է պառլամենտական մեծամասնություն։ Պատգամավոր դառնալուց հետո, նրանք սպասարկում են առնվազն իրենց կամ իրենց շրջապատի շահերը։ Գլոբալ տեսանկյունից, եթե մենք նայենք նախագծերը, նրանք սպասարկում են հարուստների շահերը, ընդ որում՝ շատ հարուստների, ինչու չէ՝ օլիգարխների շահերը։ Ո՞ւր մնաց այդ աղքատ մարդը, ո՞վ պետք է զբաղվի իրենց հարցերով», - ասաց Իգիթյանը։

Վաղը «Ելք» դաշինքը թանկացումների դեմ երթ կանցկացնի։ Ըստ քաղաքագետի, այս պայքարում հույսը միայն «Ելք»-ի վրա դնելը քիչ է. - «Բնակչության կեսից ավելին կազմում են հենց միջին ու միջինից ցածր խավը, հիմա ինչպե՞ս լուծվի այդ հարցը, եթե վարչապետը դուրս է գալիս և ասում է՝ «ի՞նչ է եղել, կրիտիկական հարց չկա, 2.6 տոկոս է աճը»։

Հարցին, թե այդուամենայնիվ մարդիկ դուրս կգա՞ն փողոց՝ «Ելք»-ի հրավիրած երթին, քաղաքագետը պատասխանեց. - «Մարդիկ դուրս են եկել փողոց ավելի քիչ բաների համար, ավելի քիչ անարդարության համար, իսկ այստեղ բոլորի գրպաններին է խփում։ Մարդիկ փողոց դուրս չեն գալիս, որովհետև ամեն ինչից են հիասթափվել և չեն տեսնում նույնիսկ փողոցը որպես խնդրի լուծման գործիք, հնարավորություն։ Այդ անվստահությունը՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ հանրահավաքների [նկատմամբ], կա բնակչության մոտ, և չգիտեմ ինչպես է լինելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG