«Վստա՛հ եղեք, մենք ունենալու ենք չտեսնվա՛ծ լավ երկիր», - հայտարարում է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ շնորհավորական ուղերձում:
«Ինչպես ընդունված է՝ նոր տարի մտնելիս ամփոփում ենք անցնող տարին: Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող՝ տարածաշրջանի շատ երկրներից: Երկրի առջև կանգնած բոլոր խնդիրները լուծելու համար մենք պետք է տարին տարվա վրա ամեն օր քրտնաջան աշխատենք և կայուն աճ ապահովենք», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:
«Ոչ մեկ մեր երկիրը չի զարգացնելու և չի կառուցելու մեր փոխարեն: Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում: Յուրաքանչյուրս կարող է մաս կազմել այդ համախմբմանը: Երկիրը պաշտպանող, աշխատող, սովորող, շուտ արթնացող, իր, շրջապատի, երկրի նկատմամբ անհանգիստ, պրպտող մարդը պետք է զգա իր պահանջվածությունը», - շեշտում է Կարապետյանը:
«Մենք կարո՛ղ ենք միասին զարգացնել մեր երկիրը և արդյունքում ունենալ ուժե՛ղ, արդա՛ր, զարգացա՛ծ, բարեկեցիկ երկիր՝ աճող և երջանիկ բնակչությամբ», - վստահեցնում է վարչապետը: