Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է, որ ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ «ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Հայկազ Գրիգորյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք»:
«ՃՈ տեսուչներ Տիգրան Խաչատրյանն ու Հայկազ Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ոստիկաններն ընդունել են ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանի կողմից կաշառքի առաջարկը: Տ. Խաչատրյանը, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել Հ. Գրիգորյանի հետ, ապա վերջինս ավտոմեքենայի ուղևորից ստացել է 56 հազար 800 դրամին համարժեք 100 եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկել», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՀՔԾ-ի, նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանին դեկտեմբերի 1-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նույն օրը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հիշյալ ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ շաբաթ օրն էլ ՀՔԾ-ն հաղորդեց, որ ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ՝ կաշառքով վարորդական վկայական տրամադրելու գործով։