Մատչելիության հղումներ

«Մեր դիրքորոշման փոփոխությունը օրենքի ընդունումից հետո շատ տրամաբանական էր». Դավիթ Պետրոսյան


«Օրենքը, ցավոք սրտի, արդեն ընդունվել է, և մեր դիրքորոշման փոփոխությունը օրենքի ընդունումից հետո շատ տրամաբանական էր», - այսօր «Ազատության» եթերում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ, տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքի ակցիաները համակարգողներից Դավիթ Պետրոսյանը։

«Եթե մենք շարունակենք այնպես, որ, այո՛, օրենքն ընդունվել է, վերջ, մենք ուղղակի պահանջում ենք, որ օրենքը հետ ընդունվի, և շարունակենք պայքարն այդպես, հավատացեք, դա լավագույն լուծումը չէր», - ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ թե' ռեսուրսային, թե' գաղափարական առումով այդտեղ իրենց կողմից կլիներ անճշտություն։

Նախաձեռնության անդամի խոսքով՝ հիմա ժամանակն է այնպիսի քայլերի մասին մտածելու, որոնց արդյունքում կբավարարվեն իրենց պահանջները․ - «Օրենքը, ցավոք սրտի, ընդունվեց, դրանից հետո պետք է մտածել այնպիսի քայլերի՝ օրենքի վրա այնպիսի ազդեցություն ունենալու մասին, որպեսզի դրա մեջ փոխվեն այնպիսի դրույթներ, որոնք կբավարարեն այն պահանջները, որոնք մենք առաջ ենք քաշել»։

Այսօր պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն չկա։ Ըստ Զաքարյանի, քննարկումներն անցկացվելու են օրենքից բխող կառավարության որոշումների շուրջ, որով էլ կանոնակարգելու են հարցը։

«Ազատության» հարցին, թե նախաձեռնության անդամներին բավարարո՞ւմ է փոխնախարարի այս ասածը, Պետրոսյանը պատասխանեց. - «Կլոր սեղանը լինելու է ոչ թե օրենքի հետ կապված, ինչպես նախկինում եղել է, այլ մենք կոնկրետ ասում ենք՝ կա այս խնդիրը, այս խնդրի շուրջ դուք ինչպիսի՞ լուծում եք առաջարկում, այլ ոչ թե մենք էլի համոզելու ենք, որ այս, այս, այս կետերը սխալ են, որովհետև նրանք արդեն համաձայնել են, որ մեր արտահայտած մտահոգությունները ճիշտ են»։

Ուսանողները արդեն 7-րդ օրն էր՝ բողոքի ակցիաներ էին անցկացնում, պնդելով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը կխոչընդոտի գիտության զարգացմանը։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգը նույնիսկ դիմեցին բողոքի ծայրահեղ քայլին և հացադուլ հայտարարեցին։

Ազգային ժողովը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրինագիծը։ Համաձայն օրենքի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ազգային ժողովի շենքի դիմաց երեկ առավոտից ցույց անցկացնող ուսանողների 5-հոգանոց պատվիրակությունը, որի կազմում էր նաև հացադուլի մեջ գտնվող Դավիթ Պետրոսյանը, խորհրդարանի ղեկավարության հրավերով մուտք գործեց շենք և հանդիպեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

Մոտ մեկ ժամ փակ դռների հետևում բանակցելուց հետո, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին հացադուլն ու դասադուլը դադարեցնելու մասին և նշեցին, որ պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG