Մատչելիության հղումներ

Շարունակվում է տարկետման իրավունքի սահմանափակման դեմ ուսանողների դասադուլը


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները շարունակում են դասադուլը ընդդեմ զինծառայության մասին նոր օրինագծի: Այսօրվա ակցիան նրանք սկսեցին Երևանի պետհամալսարանի գլխավոր մասնաշենքի դիմաց:

Հիշեցնենք՝ նախաձեռնությունը դեմ է տարկետման իրավունքի սահմանափակմանը։ Նրանք պնդում են, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագիծը խոչընդոտելու է կրթության զարգացմանը։

Երեկ մեկնարկած դասադուլին ուսանողները պահանջում էին հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և կրթության նախարար Լևոն Մկրտչյանի հետ։

Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր հայտարարեց, որ Վիգեն Սարգսյանի հետ հանդիպելու ցանկությունը մնում է ուժի մեջ։

Նախաձեռնության անդամներից Վահան Կոստանյանն էլ Վիգեն Սարգսյանին հրավիրեց համալսարան։ «Վիգեն Սարգսյանին հրավիրում ենք համալսարան՝ ԵՊՀ-ի և մյուս բուհերի ուսանողների հարցերին պատասխանելու։ Մենք ուղղակի պայքարի դուրս չենք եկել, մենք այսօր փրկում ենք հայ ուսանողի դեմքը, մենք ցույց ենք տալիս, որ հայ ուսանողը կարող է լինել պահանջատեր։ Մենք այստեղ կանգնած պայքարում ենք թե՛ ակադեմիական տարկետման պահպանման համար, թե՛ պայքարելու ենք կոռուպցիոն մեխանիզմների ու ռիսկերի համար, որոնք գոյություն ունեն կրթական համակարգում, թե՛ պայքարելու ենք նաև նրա համար, որ գիտական ֆինանսավորումը բարձրանա», - հայտարարեց Վահան Կոստանյանը։

Նշենք, որ երեկ պաշտպանության նախարարությունը նախաձեռնության առաջնորդներից Վահան Կոստանյանին ու Դավիթ Պետրոսյանին հրավիրել էր մի հանդիպման, որին ներկա էին լինելու գրեթե բոլոր բուհերի ուսանողական խորհուրդներից ներկայացուցիչներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասնակիցներ։ Վահան Կոստանյանն ու Դավիթ Պետրոսյանը մերժել էին հրավերը՝ առաջարկելով հանդիպում նախաձեռնության առնվազն տասը անդամների հետ, այս առաջարկը նախարարությունը մերժել էր։

Հիշեցնենք՝ նոր օրինագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումնառության նպատակով տարկետում տրամադրել միայն այն դեպքում, եթե Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացին պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին, սակայն այս պարագայում այդ ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց վիճահարույց օրինագիծը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG