Մատչելիության հղումներ

Ընդհանրապետ շոշափել դեսպանների թեկնածուների հարցը կոռեկտ չէ. Շավարշ Քոչարյան


Ընդհանրապետ շոշափել դեսպանների թեկնածուների հարցը կոռեկտ չէ, այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ի պատասխան հնչող հարցերին, թե Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում շրջանառվում էր քաղաքագետ Սերգեյ Մինասյանի անունը, ինչո՞վ է պայմանավորված Ռուբեն Սադոյանի նշանակումը։

«Ես շրջանառվելը չգիտեմ, որովհետև կա միջազգային պրակտիկա՝ քանի դեսպանը նշանակված չէ, այդ մասին ընդհանրապես չեն էլ խոսում։ Կան բացառություններ, դա այն երկրներն են, որտեղ դեսպանը հաստատվում է պառլամենտի կողմից, օրինակ՝ ԱՄՆ-ում», - ասաց Քոչարյանը՝ շարունակելով. - «Հարևան Վրաստանի կողմից մեզ մոտ բազմաթիվ դեսպաններ են նշանակվում, բայց երբևիցե իրենց մամուլում դրա մասին չի խոսվել։ Այդ տեսակետից ինձ համար անհասկանալի է այդ մոտեցումը, որ մինչև հրամանագիրը սկսում են շոշափել անուններ, դա ընդունված չէ և դա այնքան էլ կոռեկտ չէ հարևան պետության նկատմամբ»։

Հարցին, թե ներկայիս դեսպանը հայտնի բիզնեսմեն է, առհասարակ ի՞նչ սկզբունքով են նշանակվում դեսպանները, փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Նախագահի իրավասության մեջ է դեսպանների նշանակումը, մենք չենք էլ քննարկում դա։ Իսկ դեսպանի աշխատանքը դատում են նրա կատարած աշխատանքով, կաշխատի՝ էդ ժամանակ կտանք գնահատական»։

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 31-ի հրամանագրերով՝ Յուրի Վարդանյանն ազատվեց Վրաստանում Հայաստանի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Սադոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG