Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել ձերբակալել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության անտառապետին: Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության, Լոռու մարզի դատախազությունում հոկտեմբերի 24-ին Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի ծառահատում կատարելու դեպքով Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով («ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը՝ խոշոր վնաս պատճառելով») և 315-րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հարուցվել է քրեական գործ։
Ըստ նախապատրաստված նյութերի, ինքնությունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատվել են 408 հատ տարբեր տեսակի ծառեր, որի հետևանքով պետությանը և շրջակա միջավայրին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 25.444.500 դրամի վնաս:
«Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Սպիտակի անտառպետության տարածքում ծառերի ապօրինի հատումը կատարվել է նույն անտառտնտեսության անտառային պետական ծառայություն իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց անմիջական թողտվությամբ: Արդյունքում հոկտեմբերի 29-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով ձերբակալվել էր տվյալ անտառպետության անտառապահը, որին նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հոկտեմբերի 31-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով («պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»): Իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն պահաբաժնում 408 հատ ծառերի ապօրինի հատումը կատարվել է անտառապետի անմիջական թողտվության արդյունքում», - ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը նշում է, որ նկատի ունենալով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ անտառապետի գտնվելու վայրը հայտնի չէ, Լոռու մարզի դատախազությունում կայացվել է վերջինիս ձերբակալելու որոշում: Կատարումն ապահովելու համար որոշումն ուղարկվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժին՝ հանձնարարելով արդյունքների մասին անհապաղ տեղեկացնել Լոռու մարզի դատախազությանը և վարույթն իրականացնող մարմնին:
«Բացի այդ պարզվել է նաև այն անձի ինքնությունը, ում ցուցումով կատարվել են ապօրինի ծառահատումները: Հոկտեմբերի 31-ին որոշում է կայացվել վերջինիս Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-որդ մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական և քննչական համագործակցված միջոցառումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետության տարածքում ապօրինի այս ծառահատումների հետ առնչություն ունեցող անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: