Ոչ թե արժե, այլ անպայման պետք է ստեղծել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով, որը կուսումնասիրի Փաշինյան-Գեղամյան միջադեպը, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 5-րդ գումարման Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն առաջարկում է էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծել և ուսումնասիրել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև օրերս խորհրդարանի միջանցքում տեղի ունեցած միջադեպը. Փաշինյանը պնդում է, որ Գեղամյանն իրեն բռունցքներով հարվածել է, Գեղամյանն էլ հերքում է, թե նման միջադեպ է եղել։
«Ինքը պարտադիր է, որ քննարկվի, որովհետև հանրային հնչեղություն է ստացել դեպքը։ Փաստորեն, պարզվում է, որ մենք միշտ խոսում ենք, որ ցանկացած պատգամավոր պետք է դառնա իրանից մի օրինակ հանրության առաջ, թե ինչպիսին պետք է լինի այդ օրինակը՝ առաջնորդության օրինակ, դաստիարակչական և այլն, բայց, բնական է՝ պատգամավորներն էլ են մարդիկ, նյարդերը մեկ-մեկ տեղիք են տալիս, բայց պետք է հասկանալ պառլամենտ բառից, ինչը նշանակում է խոսել, մինչև ձեռքերով ինչ-որ գործողության հասնելը, կա լեզու և պետք է խոսել, կարելի էր իրար հետ խոսել», - ասաց Պողոսյանը՝ շարունակելով. - «Այնուամենայնիվ ունենք կարմիր գիծն անցնելու իրավիճակ։ Իմ պատկերացմամբ, հանձնաժողովը պետք է ձևավորվի, թե ինչ է լինելու լուծումը, չգիտեմ»։
Ըստ նախկին պատգամավորի, եթե այս դեպքին արձագանք չլինի, ապա նման դեպքերը կշարունակվեն։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.