Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների իրականացման շրջանակում այսօր ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել հայ-ռուսական Համատեղ համակարգող հանձնախմբի հինգերորդ նիստը՝ Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ։
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ նիստի մասնակիցները լսել են 2017 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների կատարման հաշվետվությունը, անդրադարձել առաջիկա անելիքներին։
Քննարկվել են 2018-ի ընթացքում պլանավորված միջոցառումների, մասնավորապես՝ սարքավորումների փոխարինման և արդիականացման համար նախատեսված մատակարարումների պլան-ժամանակացույցին վերաբերող հարցեր։ Ընդգծվել է, որ արդեն այս տարվա ընթացքում կսկսվի երկրորդ էներգաբլոկի տուրբինային (մեքենայական) արտադրամասի արդիականացման հիմնական սարքավորումների՝ տուրբոգեներատորի, բլոկային տրանսֆորմատորի մատակարարումը։ Նշվել է, որ ծրագրի իրականացման համար կվերականգնվեն ՀԱԷԿ-ին կից ենթակառուցվածքները: Մասնավորապես արդեն վերանորոգվել է երկաթգծի Արմավիր-Արշալույս հատվածը։ Պլանավորվել է մի շարք ենթակառուցվածքների վերականգնումը, կայանի տարածքում կկատարվեն նաև բարեկարգման աշխատանքներ:
Ռուսաստանցի մասնագետների հաշվարկով, միայն եկող տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում աշխատանքների իրականացման համար կապալառու կազմակերպությունները կներգրավեն ավելի քան 600 աշխատողների: