Մատչելիության հղումներ

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանն այսօր կժամանի Հայաստան


Յոհաննես Հան, արխիվ
Յոհաննես Հան, արխիվ

Բրյուսելում նոյեմբերի 24-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ այսօր Հայաստան կժամանի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը։

Ըստ Հայաստանում եվրոպական միության առաքելության, հանձնակատարը կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին, արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանին՝ քննարկելու Արևելյան գործընկերության գագաթաժողովի առաջնահերթությունները և ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հարցերը։ Դրանք արտացոլված են ԵՄ-Հայաստան նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում և Գործընկերության առաջնահերթություններում, որոնք էլ կսահմանեն առաջիկա տարիներին համատեղ քաղաքականության առաջնահերությունները։

«Սա շատ կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար, քանի որ մենք ընդլայնում և խորացնում ենք մեր համագործակցությունը փոխադարձ շահերի հիման վրա։ ԵՄ-ն պատրաստ է ստորագրել նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանի հետ։ Համաձայնեցված Գործընկերության առաջնահերթությունների հետ միասին սա կձևավորի մեր համագործակցությունը, որի շրջանակներում մենք պլանավորում ենք ներդրում կատարել, ի թիվս այլ ոլորտների, կրթության և նորարարության ոլորտներում, քանի որ հմտությունների զարգացումը առանցքային է Հայաստանի ապագայի համար։ Իմ այցելությունը, որի ընթացքում կքննարկվեն նաև «2020 թվականի 20 արդյունքների» ուղղությամբ մեր համատեղ առաջընթացը, նաև նախապատրաստական գործողություն է Արևելյան գործընկերության հաջորդ գագաթաժողովի համար։ Այդ արդյունքները նպատակ ունեն Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքում շոշափելի օգուտներ բերել», - ասել է Հանը։

Այցելության շրջանակներում ԵՄ հանձնակատարը և Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդես կգան մամուլի հայտարարություններով:

Հիշեցնենք՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեք տարի անց Հայաստանն ու Եվրամիությունն այս տարվա փետրվարին համաձայնության եկան նոր քաղաքական համաձայնագրի շուրջ: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվեց 2017 թվականի սկզբին և այն կստորագրվի ընթացիկ աշնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG