Արտակարգ իրավիճակների նախարարությունը մի շարք խախտումներ է արձանագրել շարժական գազալցման կայանների շահագործման ընթացքում: Նախարարության հաղորդմամբ, գազալցման կայանների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով:
Մասնավորապես դրանց մի մասը չունի արտադրական վտանգավոր օբյեկտի վկայական և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն, դրանք տեղակայված չեն բնակավայրերի բնակելի տարածքներից դուրս, գազալցման կայանների տարածքներում տեղակայված են նորմերով չթույլատրվող շենքեր և շինություններ, ավտոցիստեռններն ապահովված չեն բավարար քանակությամբ սկզբնական հրդեհաշիջման միջոցներով` կրակմարիչներով, գազալցման կայանների տարածքը շրջափակված չէ նվազագույնը 1,6մ բարձրությամբ, չհրկիզվող նյութերից պատրաստված ցանկապատով:
Գազալցակայանների աշխատանքին «Ազատությունն» անդրադարձել էր անցյալ ամիս:
«Վնասը անկանխատեսելի է, կարող է շատ աղետալի հետևանքների հանգեցնել [պայթյունը], փլուզումներ կարող են լինել, հրդեհներ կարող են առաջանալ», - «Ազատության» հետ զրույցում ասել էր ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
Հայրապետյանի խոսքով, 1997 թվականին կառավարության որոշում կար՝ շարժական լցակայանների անվտանգ շահագործման կարգի վերաբերյալ, ինչն ուժը կորցրած ճանաչվեց 2015-ին և արդեն երկու տարի է, դաշտն անորոշ վիճակում է, ինչից օգտվում են իր բնորոշմամբ՝ «հրդեհավտանգ ռումբերով» բիզնես իրականացնողները: