Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն պահանջում է, որ Russia Today-ը որպես «օտարերկրյա գործակալ» գրանցվի


Russia Today-ի գրասենյակը Ռուսաստանում, արխիվ

Ամերիկյան կառավարությունը Նահանգներում հեռարձակվող Ռուսաստանյան Russia Today պետական հեռարձակողից պահանջում է որպես «օտարերկրյա գործակալ» գրանցվել: Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը, որին հղում է անում ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, պահանջում է բացահայտել Միացյալ Նահանգներում այլ պետությունների շահերը ներկայացնող լոբբիստներին, փաստաբաններին: Ամերիկյան մամուլը նշում է, որ գրանցումը չի ենթադրում հեռարձակման դադարեցում, փոխվում է ընդամենը ֆինանսական հաշվետվության ձև, իսկ ընկերության հեղինակած ծրագրերի վրա պետք է նշվի, որ նյութը օտար պետության քարոզչություն է: Ամերիկյան այդ օրենքը բացառում է լրատվամիջոցի գրանցումը որպես օտարերկրյա գործակալ, սակայն ԱՄՆ արդարադատության նախարարությունը որոշել է այն տարածել Russia Today-ի վրա, քանի որ այդ կազմակերպության անունը ակտիվորեն շրջանառվում է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջ ընթացող հետաքննությունում:

Ռուսաստանում բավական կոշտ են արձագանքում ամերիկյան իշխանությունների այդ նախաձեռնությանը, մինչդեռ հիշեցնենք՝ Ռուսաստանում տասնյակ ամերիկյան կազմակերպություններ և լրատվամիջոցներ օտարերկրյա գործակալի կարգավիճակ ստացան դեռևս տարիներ առաջ: 2012 թվականին ռուսաստանյան օրենսդիր մարմնի ընդունած այդ օրենքը իշխանություններին հնարավորություն ընձեռեց զանգվածաբար ու կարճ ժամանակամիջոցում ձերբազատվել երկրում գործող արտասահմանյան կամ դրսից ֆինանսավորվող լրատվական և հասարակական կազմակերպություններից: Չնայած միջազգային հանրության կոշտ քննադատությանը՝ Պուտինի վարչակազմը չդադարեցրեց «զտումը»: Այդուհանդերձ, Կրեմլի հովանավորությունը վայելող Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների պահանջը, վերջիններիս մեղադրել է ռուսաստանյան լրատվամիջոցների դեմ «պատերազմ հրահրելու» մեջ:

«Միացյալ Նահանգների կողմից հրահրած պատերազմը մեր լրագրողների դեմ նվիրվում է այն իդեալիստներին, ովքեր դեռևս հավատում են խոսքի ազատությանը», - հեգնել է Սիմոնյանը:

Միացյալ Նահանգների քաղաքական և փորձագիտական շրջանակներում գրեթե կասկած չունեն, որ Ռուսաստանի պետական բյուջեից ֆինանսավորվող Russia Today-ը, որն ի դեպ հեռարձակվում է ավելի քան 100 երկրներում՝ անգլերենով, արաբերենով, իսպաներենով, շուտով նաև ֆրանսերենով և շուրջօրյա հասանելի է ավելի քան 700-միլիոնանոց լսարանի համար, առանցքային դերակատարություն էր ունեցել անցած տարվա ամերիկյան նախագահական ընտրությունների քարոզարշավում:

Ամերիկյան հետախուզության՝ հունվարին հրապարակած զեկույցում Russia Today-ը ներկայացվում է որպես «Կրեմլի հիմնական միջազգային քարոզչական ալիք»: Զեկույցում մասնավորապես նշվում է, որ լրատվական այդ կազմակերպությունը միտումնավոր փորձում է թաքցնել ցանկացած իրավաբանական կապը ռուսաստանյան կառավարության հետ: Փաստաթղթում ասվում է նաև, որ Russia Today –ը «Վիկիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ պայմանագիր է կնքել, որն էլ ընտրությունների ժամանակ հրապարակել է Դեմոկրտական կուսակցության ազգային կոմիտեի ներքին աղմկահարույց նամակագրությունը՝ լուրջ հարված հասցնելով կուսակցության վարկանիշին:

Ռուսաստանի պետական բյուջեից ֆինանսավորվող Russia Today-ը առաջին անգամը չէ արտասահմանյան կառավարությունների կողմից մեղադրվում կեղծ լրատվություն տարածելու մեջ: Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, բալթյան մի շարք երկրներ բազմիցս այդ լրատվամիջոցին մեղադրել են Կրեմլի շահերին ծառայող սուտ տեղեկություններ տարածելու մեջ:

Russia Today-ի գործունեությանն էր անձամբ անդրադարձել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ՝ ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ: Մակրոնը պնդել էր, թե իր նախընտրական քարոզարշավի ընթացքում ռուսաստանյան պետական այդ և մեկ այլ՝ «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը իր համբավը ստվերող սուտ լուրեր են տարածել: Ի դեպ, նախագահ Պուտինը որևէ կերպ չի արձագանքել Մակրոնի այդ կոշտ հանդիմանությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG