Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ քննչական մարմինն այսպես կոչված՝ «Զիբիլիքսի» գործով շատ ակնհայտ փաստեր է անտեսել, ի վերջո՝ աղմուկ հանած այդ պատմությունը ծածկադմփոց անելով: Հետևաբար, իրենք մտադիր են այդ խնդրով դարձյալ դիմել իրավապահներին, ասաց Սիմոնյանը:
Դեռևս այս տարվա մայիսին «Ելք» դաշինքը իրավապահներին «հանցագործության մասին» հաղորդում էր ներկայացրել՝ դրան կցելով աղբամաններից հայտնաբերված սկանդալային փաստաթղթեր, որոնք, ընդդիմադիր դաշինքի պնդմամբ, վկայում են, որ Երևանի ավագանու մայիսի 14-ի ընտրություններում իշխող Հանրապետականի կողմից ընտրակաշառքների բաժանումը կրել է համակարգված և կենտրոնացված բնույթ:
Հատուկ քննչական ծառայությունն այս ամսվա սկզբին այդ ահազանգով հարուցված քրեական գործը կարճել էր՝ «հանցակազմի բացակայության պատճառով»: «Անկախ այն բանից, որքանով ենք հավատում ճիշտ քննությանը, մեր պարտքն է հետամուտ լինել այդ գործին: Բացի այդ, մեր ակնկալիքները մեծ են, և մենք այդ գործն առաջ տանելու համար շատ մարտական ենք տրամադրված»,- «Ազատության» հետ զրույցում հավաստիացրեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը:
Ալեն Սիմոնյանն ասաց նաև, որ շարունակելու են աշխատել բոլշևիկյան կամ օտարածին անուններ կրող փողոցների ու այլ հաստատությունների վերանվանման իրենց նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղղությամբ: «Թող դրա մեջ որևէ մեկը որևէ միտում չփնտրի, կապված Ռուսաստանի, աշխարհաքաղաքական զարգացումների և այլ բաների հետ: Խոսքն ընդամենը մեր պատմության, մեր ազգային շահերի մասին է»,- ասաց «Ելք»-ի ներկայացուցիչը:
Սիմոնյանի խոսքով՝ սեպտեմբերին «Ելք» խմբակցությունը հայտարարելու է նոր նախաձեռնությունների մասին:
Ալեն Սիմոնյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում