Մատչելիության հղումներ

Պայմանագրային զինծառայողի սպանություն Տավուշում. կասկածյալը ձերբակալվել է


Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 32–ամյա տղամարդու սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Օգոստոսի 17-ին՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղին պատկանող «Չնգի» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից դեպի ձախ, հայտնաբերվել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան՝ ամբողջովին այրված, որի մեջ հայտնաբերվել է մոխրացած դիակ: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է դիակի ինքնությունը, ով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող՝ ծնված 1985թ.», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի («Սպանություն») 1-ին մասով: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է՝ ծնված 1980 թվականին:

«Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 32-ամյա ժամկետային զինծառայողը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել 2017թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, համագյուղացու՝ 37-ամյա տղամարդու հետ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, որից հետո վերջինս նստեցրել է նրան նշված ավտոմեքենան, գլորել ձորը և այրել», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG