Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը դատապարտում է Վենեսուելայի իշխանություններին


Վենեսուելա - Ցուցարարների և ուժայինների միջև հերթական բախումը Կարակասում, մայիս, 2017թ․

ՄԱԿ-ը դատապարտել է Վենեսուելային հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելու համար և շեշտել է, որ այս տարվա ապրիլից առնվազն 73 ցուցարարների մահվան համար պատասխանատու են երկրի անվտանգության ուժերն ու կառավարամետ խմբավորումները:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը երեկ հրապարակած հայտարարությունում նշում է նաև ազատազրկված ցուցարարների նկատմամբ իրավապահների թույլ տված չարաշահումները, այդ թվում՝ խոշտանգումները:

Ապրիլից սկսած ավելի քան 5 հազար մարդ է ձերբակալվել, հազարից ավելին դեռևս կալանավորված են, նշված է հայտարարությունում:

«Պատասխանատվությունը մարդու իրավունքների ոտնահարումների համար, որ մենք արձանագրում ենք, ընկնում է կառավարության ամենաբարձր մակարդակների վրա», - ասված է հայտարարությունում:

ՄԱԿ-ը կոչ է անում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերահսկել անվտանգության ուժերին և հետաքննել նշված չարաշահումները։ Մադուրոն պետք է երաշխավորի, որ կամայականորեն ձերբակալված անձինք ազատ արձակվեն, ինչպես նաև ապահովի պաշտոնանկ արված գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգայի անվտանգությունը, ասված է հայտարարությունում:

Վենեսուելան քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել Մադուրոյի ռեժիմի դեմ ամիսներ շարունակվող բողոքի ակցիաների և նախագահի՝ իր իշխանությունն ավելի ամրապնդելու փորձերի հետևանքով։ Բողոքի ցույցերը երկրում հաջորդեցին մարտի վերջին դատարանի կայացրած որոշմանը, որով նախագահին խորհրդարանի շրջանցմամբ որոշումներ կայացնելու արտոնություն տրվեց՝ գործնականում նրան փոխանցելով օրենսդիր մարմնի լիազորություններ: Երկրի խորհրդարանում մեծամասնություն են կազմում ընդդիմադիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG