Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի համոզմամբ, Ղարաբաղի վերընտրված նախագահ Բակո Սահակյանը ձախողվել է հատկապես պաշտպանության և անվտանգության ոլորտում։
«Ապրիլը ցույց տվեց, որ Բակո Սահակյանը լուրջ բացթողումներ ունի։ Դեռևս 2011- 2012 թվականներին հրապարակային ելույթներում՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ հետագայում քաղաքական, այդ թվում՝ իշխանական ուժերը անընդհատ զգուշացնում էին, պարտադրում էին, խնդրում էին, որ առաջնագիծը վերազինվի տեխնիկապես, նույնիսկ որոշ պատգամավորներ նախաձեռնություններ են արել, գումարներ են հավաքել, որոշակի դիրքեր են զինել։ Այսինքն՝ այդ ամենը հասարակության մեջ ընկալվում էր, որ սահմանագիծը լուրջ խնդիրներ ունի։ Բակո Սահակյանն անգործության է մատնվել այս հարցում, ինչի հետևանքով մենք ունեցել ենք ապրիլ՝ տասնյակ զոհերով և կորցված հենակետերով։ Եվ այդ ձախողված մարդուն մենք ևս երեք տարի հնարավորություն ենք տալիս նախագահել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խանումյանը։
Նշենք, որ երեկ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը Բակո Սահակյանին վերընտրեց Ղարաբաղի նախագահ։
Նա երեկ իր ելույթում ընդգծեց, որ պաշտպանության ոլորտին պետությունը առաջնային տեղ է տվել և շարունակելու է տալ․ - «Անցումային փուլում՝ մինչև 2020 թվականի համաժողովրդական ընտրությունները, մեր ամենակարևոր անելիքները պետք է լինեն առաջին հերթին երկրի պաշտպանունակության, անվտանգության համակարգի հետագա ամրապնդումն ու հզորացումը, Պաշտպանության բանակի մարտունակության բարձրացումը, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավումը»:
Հայկ Խանումյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.