Մատչելիության հղումներ

Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է դիվիզիոնի շտաբի պետը


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն հայտնում է, որ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Պաշտպանության նախարարության N զորամասի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և իշխանությունը չարաշահելու դեպքեր: Զորամասի դիվիզիոնի շտաբի պետը՝ կոչումով մայոր, կալանավորվել է։

Ըստ կոմիտեի հաղորդագրության, նախնական տվյալներով՝ 1985 թվականին ծնված Ա.Պեպանյանը, 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունիս ամիսը զբաղեցնելով Պաշտպանության նախարարության N զորամասի դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը, իր լիազորությունների շրջանակներում, նույն դիվիզիոնի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար, այն է` 2015 թվականի դեկտեմբերին զորամասի հրամանատարի կողմից կարճաժամկետ արձակուրդ հատկացնելուն միջնորդելու համար, պահանջել է 40 հազար դրամ կաշառք։ Պահանջված գումարը, Ա.Պեպանյանի առաջարկով, զինծառայողի մայրը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին փոխանցել է նույն դիվիզիոնի մեկ այլ ժամկետային զինծառայողի կողմից օգտագործվող բանկային քարտի հաշվեհամարին:

«Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև մայորի կողմից դրամահավաքություն կատարելու վերաբերյալ. 2015 թվականի հունվարից մինչև 2016 թվականի մայիսը, իր ենթակայության տակ գտնվող դիվիզիոնի ժամկետային զինծառայողների շրջանում յուրաքանչյուր ամիս սանհիգիենիկ պարագաներ գնելու, դիվիզիոնում շինարարական աշխատանքներ կատարելու և այլ պատճառաբանություններով կազմակերպել և իրականացրել է դրամական բավարարումների` 1000-ից մինչև 3 հազար 400-ական դրամի չափով հավաքագրում», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Պեպանյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի [կաշառք ստանալը] 1-ին մասով և 375-րդ հոդվածի [իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը] 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG