Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը


Այսօր երեկոյան Երևանում մեկնարկեց «Ոսկե Ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնը:

Ավանդույթի համաձայն նախ կատարվեց ծիրանի օրհնություն, այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ Ազնավուրի հրապարակում, տեղի ունեցավ մեր կինոյի մեծերին նվիրված աստղերի բացում: Այս տարի բացվեցին Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և Սերգեյ Իսրայելյանի աստղերը:

Փառատոնի հյուրերն անցան ավանդական կարմիր գորգի վրայով և մտան «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ տեղի ունեցավ կինոթառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի փառատոնի բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Խասփուշ»-ն է, որի ստեղծման 90-ամյակն է լրանում:

Ինչպես բոլոր տարիներին՝ այս տարի ևս բավականին մարդաշատ հրապարակում էր անցնում միջոցառումը:

«Ոսկե Ծիրանին» մասնակցության համար 96 երկրից ստացված 1100 հայտերից ընտրվել է 47 ֆիլմ, որոնք կցուցադրվեն 3 մրցութային ծրագրերում: Ի դեպ՝ փառատոնին ներկայացված ֆիլմերի ցուցադրության հետ կապված այս օրերին սկանդալ է հասունացել, ծրագրից հանվել են ԼԳԲՏ համայնքի՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների կյանքի մասին պատմող երկու ֆիլմերը: Փառատոնի ղեկավարությունը այս առիթով պարզաբանել է, որ ֆիլմերը նախատեսվում էր ցուցադրել Կինոգործիչների տանը, սակայն Կինոգործիչների միության ղեկավարությունը, միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի անժամանակ մահվան կապակցությամբ, վճռել է չմասնակցել «Ոսկե Ծիրանի» ցուցադրություններին:

«Ազատությունը» փորձեց այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից, ով մասնակցում էր «Ոսկե Ծիրանի» բացման արարողությանը: Նախարարը նշեց, որ ցուցադրությունից հանված ֆիլմերի բովանդակությանը ծանոթ չէ, սակայն տեղյակ է, որ դա եղել է Կինոմիության ցանկությամբ և առաջարկով՝ կապված Ռուբեն Գևորգյանցի հիշատակի հետ: Ամիրյանը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG