Հունիսի 16-ին Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորված և Երևանի Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը գիտակցության է եկել, բժիշկներն անջատել են նրան միացված արհեստական շնչառության սարքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմաբժշկական վարչության պետ գնդապետ Կամավոր Խաչատրյանին:
Խաչատրյանը նաև նշել է, որ ավելի վաղ Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային մյուս զինծառայող՝ Արմեն Վարդանյանն արդեն հիվանդասենյակ է տեղափոխվել։
«Երկու զինծառայողների մոտ էլ դրական դինամիկա կա», - ասել է Խաչատրյանը:
Յուրի Արմենի Զաքարյանը ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում, Արմեն Հարությունյանը` գլխի ականապայթյունային վիրավորում:
Հիշեցնենք, հունիսի 16-ին և 17-ին օշփման գծում ադրբեջանցիների գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի չորս զինծառայող զոհվեց, երեք վիրավոր տեղափոխվեց Երևան:
Այսօր Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զինվորական հոսպիտալում, զրուցել բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության, բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿԿԶՀ նորանշանակ պետ, փոխգնդապետ Դանիել Մկրտչյանին։