Մատչելիության հղումներ

«Ազատության» հրապարակման հիման վրա հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել ՏԸՀ անդամին


Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ քաղաքացու ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Երևանի բնակիչ Աշխեն Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության, Azatutyun.am էլեկտրոնային լրատվական կայքի «Շիրակի 3 հասցեում գտնվող թիվ 52 հիմնական դպրոցում տեղակայված թիվ 8/54 ընտրատեղամասում ընտրողներին քվեարկված քվեաթերթիկներ են տվել» հրապարակման առթիվ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 14-ին ընտրական հանձնաժողովի անդամը նախապես քվեարկած քվեաթերթիկ է հանձնել ընտրողին:

Հիշյալ դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 8/54 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Աշխեն Հովհաննիսյանը, քվեաթերթիկում իր նախընտրած կուսակցության դիմաց համապատասխան նշում կատարելու միջոցով քվեարկել է հիշյալ ընտրատեղամաս այցելած Լարիսա Սարգսյանի փոխարեն, որից հետո արդեն իսկ քվեարկած քվեաթերթիկն ու ծրարը հանձնել նրան` այդ կերպ խոչընդոտելով վերջինիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:

«Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Աշխեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քեական օրենսգրքի 149-րդ հոդվածի [ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը] 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար», - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG