Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ընտրախախտումների 25 ահազանգ է առանձնացրել


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումների, քաղաքացիների հաղորդումների և Գլխավոր դատախազության «թեժ գծով» ստացված ահազանգերի (հաղորդումներ) գրանցման, հաշվառման, ուսումնասիրման, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով Գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբը իր գործունեությունը շարունակում է նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ:

Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային խումբը մշտադիտարկում է իրականացրել Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ողջ ժամանակահատվածում, քվեարկության նախորդ օրը, ու այն շարունակվում է քվեարկության օրը, և ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները, Գլխավոր դատախազության «թեժ գծով» ստացված ահազանգերը:

«Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ քվեարկության օրվա ընթացքում ժամը 12.00-ի դրությամբ հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, չհրկիզվող պահարանների՝ տեսախցիկի տեսադաշտում չգտնվելուն, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել», - ասված է հաղորդագրությունում:

Աշխատանքային խումբը, ըստ հաղորդագրության, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները: Այսպես՝ մինչև քվեարկության նախորդ օրը ուսումնասիրված հաղորդումներից աշխատանքային խումբը առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 9 հաղորդումներ, որոնցից 5-ը վերաբերել են առերևույթ ընտրակաշառք տալուն, 3-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն: Քվեարկության օրը ժամը 12-ի դրությամբ ուսումնասիրված հաղորդումներից աշխատանքային խումբը առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 12 հրապարակումներ:

Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև Ոստիկանությունում ստացված նույն բնույթի 4 ահազանգերը:

Նշված բոլոր հաղորդումները օպերատիվ կերպով ուղարկվել են Ոստիկանության, Քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ: Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով, ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազությունում շարունակում է գործել «թեժ գիծ»: Քվեարկության ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարելի է զանգահարել (+374) 10 511-603 հեռախոսահամարին: Ըստ հաղորդագրության՝ տեղեկություն հայտնողի գաղտնիությունը երաշխավորվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG