Ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, տեղի է ունեցել հերոսի կիսանդրու բացման արարողությունը։
ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար կազմը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, կուրսանտներ և Թաթուլ Կրպեյանի հարազատները։
Մինչ կիսանդրու բացումը` արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել զբոսայգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին, 2014թ.-ի նոյեմբերին խոցված ուղղաթիռի օդաչուների և ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին կանգնեցված հուշաքարերին։
Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացման պատիվը տրվել է հերոսի դուստր Ասպրամ Կրպեյանին և քանդակագործին՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին։