Մատչելիության հղումներ

Դատապարտյալը խարդախությամբ հափշտակություն է կատարել 48 քաղաքացուց․ ՔԿ


Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կողմից պատիժը կրելու ընթացքում խարդախությամբ քաղաքացիներից հափշտակություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է խարդախության մի քանի տասնյակ դրվագ, պարզվել է կատարված հափշտակությունների մեխանիզմը, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակության մի շարք դեպքեր դատապարտյալն իրականացրել է ազատության մեջ գտնվող մեկ այլ քաղաքացու հետ միասին, փոխանցում է Քննչական կոմիտեն՝ իր հաղորդագրությունում մանրամասնելով․

«Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 7-ի դատավճռով ազատազրկման դատապարտված Ս. Դանիելյանը ՔԿ հիմնարկում պատիժ կրելու ընթացքում նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի բնակիչ Ռ. Արզունյանի հետ՝ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դատապարտյալը ՔԿՀ-ում իր կողմից ապօրինի օգտագործվող հեռախոսահամարների միջոցով զանգահարել է «List.am» ինտերնետային կայքում տարբեր ապրանքների, մասնավորապես` բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ տեխնիկական սարքերի հայտարարություններ տեղադրած անձանց, ներկայացել որպես տարբեր ընկերությունների տնօրեն կամ սեփականատեր՝ մտացածին անուն-ազգանուններով, և պատրաստակամություն հայտնել գնել ապրանքը՝ որպես իր ընկերության աշխատակից կամ առաքիչ Ռ. Արզունյանի կողմից գումարը կանխիկ, ինչպես նաև անկանխիկ վճարելու պայմանով։ Հանցավոր մտադրություններն ի կատար ածելու համար հեռախոսակապ է հաստատել տաքսի ծառայություններ մատուցելու վերաբերյալ նույն կայքում հայտարարություններ տեղադրած անձանց հետ և բարձր վարձատվություն տալու կեղծ խոստմամբ առաջարկել ապահովել իր ենթադրյալ ընկերության աշխատակից Ռ. Արզունյանի տեղաշարժը Երևան քաղաքում: Ռ. Արզունյանը հիշյալ անձանց ավտոմեքենաներով Ս. Դանիելյանի կողմից պայմանավորվածության արդյունքում Երևան քաղաքի տարբեր հասցեներում հանդիպել է տուժողներին, վերջիններից ձեռք բերել վերը թվարկված ապրանքները՝ գումարը վճարելու պայմանով, և խաբեությամբ հափշտակել դրանք»:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ նման եղանակով՝ խարդախությամբ հափշտակություն է կատարվել 48 քաղաքացուց։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Դանիելյանին և Արզունյանին մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախություն») տարբեր մասերով ու կետերով, Արզունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG